Տարին շատ բարդ էր, դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Եւ առաջին հերթին այն պատճառով, որ ճգնաժամին զուգահեռ ստիպված են եղել բարեփոխել մաքսային-հարկային ոլորտը:
Գ.Խաչատրյանի խոստովանությամբ, ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, իսկ ֆիսկալ վարչարարությունը արմատական բարեփոխումների կարիք ունի: Այդուհանդերձ, անցնող ճգնաժամային տարում մաքսավորները պետբյուջե են մուտքագրել 230 մլրդ դրամ, հարկահավաքները՝ 290 մլրդ դրամ: Անցած տարիներին հավաքված գերավճարներից, որ կազմում են 154 մլրդ դրամ, կոմիտեն հարկատուներին է վերադարձրել 20 մլրդ դրամ: "Էներգետիկայի ոլորտում հարկային մուտքերը կրճատվել են 1 տոկոսով, տրանսպորտի եւ կապի ոլորտից՝ 10 տոկոսով, լեռնահանքային արդյունաբերությունից՝ 29, շինարարությունից՝ 24 տոկոսով: Ուշագրավ է, որ, որ կապիտալ շինարարության ոլորտի 40 տոկոս անկման պայմաններում մուտքերը կրճատվել են ընդամենը 24 տոկոսով: Ակնհայտ է, որ հարկահավաքները լրջորեն ձգել են կառուցապատողների գոտիները:
Լուրջ հարված է հասցվել մեքենաների ներմուծման տուրքերին՝ մինչեւ 25 մլրդ դրամ: Եւս 2.8 մլրդ-ով կրճատվել են վառելիքի ներմուծման մուտքերը: Ընդհանուր առմամբ՝ մաքսայինում ներմուծումից մուտքերը կրճատվել են 32, արտահանումից՝ 29 տոկոսով:
Խոշոր հարկատուները կրճատել են 12 հազար աշխատակիցների, իսկ ավելացել են 1500 նոր աշխատատեղեր: Թեեւ հասկանալի չէ՝ դրանք նոր են ավելացել, թե դուրս են եկել ստվերից: Աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, ինչը նույնպես, հավանաբար, ստվերից դուրս գալու արդյունք է:
ՊԵԿ նախագահի պնդմամբ, իրենք փոխում են ստուգումների քաղաքականությունը՝ ստուգումներից դեպի վերահսկողություն: Նա նաեւ դժգոհեց բիզնես-միջավայրից, որտեղ ավելի շատ կանխիկ է պտտվում, քան թղթեր, իսկ դա կոմիտեին թույլ չի տալիս վերահսկել ստվերը:



























