Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի կարգադրությամբ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար «Սպարտակի» ստեղծագործական կոլեկտիվը պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար «Սպարտակի» ստեղծագործական խմբի մի քանի անդամներ պարգեւատրվել են ՀՀ շքանշանով եւ մեդալով:

Մասնավորապես՝ Պատվո շքանշանի է արժանացել բեմադրիչ-բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Ժակելինա Սարխոշյանը, Նարեկ Մարտիրոսյանը եւ Մարիա Դիվանյանը:

Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին: Մասնավորապես 2009 թվականի պետական մրցանակների են արժանացել`

Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Վահագն Գրիգորյանը` «Ժամանակի գետը» գրքի համար,

Երաժշտության ոլորտում` Երվանդ Երկանյանը` «Քրոնիկոն» ստեղծագործության համար.

Կերպարվեստի ոլորտում` Արարատ Աղասյանը, Հրավարդ Հակոբյանը, Մուրադ Հասրաթյանը, Վիգեն Ղազարյանը` «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար.

Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր Ազիզյանը (խմբի ղեկավար), Ստեփան Լազարյանը, Լեւոն Խրիստոֆորյանը, Հայկ Այվազյանը, Վահանդուխտ Երեղյանը, Գրիման Հովսեփյանը (ճարտարապետներ) եւ Ալբերտ Հայրապետյանը (կոնստրուկտոր)` Երեւանում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար: