Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության զինմիավորման հրամանատարությունում շարունակվում են խուզարկությունները, որոնք կապված են Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ մահափորձի հետ։ Դեկտեմբերի 30-ին, արդեն 5-րդ օրը անընդմեջ դատախազ է ժամանում հրամանատարության շենք՝ շարունակելու խուզարկությունը։ Նախորդ օրերի խուզարկությունները տեւել են 10-ից 28 ժամ։
Օրեր առաջ երկու սպաներ փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվել էին հենց փոխվարչապետի տան մոտակայքում։ Այնուհետ դատախազությունը սկսեց խուզարկել հիշյալ երկու սպաների աշխատասենյակները եւ նրանց համակարգչի մեջ հայտնաբերեց երկու փաստաթուղթ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական տվյալներով։
Խուզարկությունների հետ զուգահեռ ձերբակալվել էին 8 սպաներ։ Նրանք օրեր անց ազատ արձակվեցին, սակայն նրանց մի քանիսի դեմ հետաքննություն է նախապատրաստվում։




























