Հայաստանում զբոսաշրջիկ ընդունելու մշակույթը ցածր մակարդակի վրա է, մարդիկ զբոսաշրջիկների համար անհյուրընկալ են թվում: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին կարծիք հայտնեց Հայաստանի զբոսավարների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը` ավելացնելով, որ դա է պատճառներից մեկը, որ ցածր է կազմակերպված զբոսաշրջության մակարդակը: «Հայաստան նախորդ տարի մոտ 600 հազար զբոսաշրջիկ էր եկել, բայց նրանց միայն մոտ տաս տոկոսն էր կազմակերպված զբոսաշրջության մասնակից, մնացածը Հայաստան էին եկել տարբեր նպատակներով, որոնք ՀՀ զբոսաշրջիկների մասին օրենքի համաձայն զբոսաշրջիկ են համարվել, որովհետեւ Հայաստանում են գտնվել մեկ օրից ավելի, եւ ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվել»,- նշեց նա` նկատելով, որ զբոսաշրջային խոշոր պետություններում էլ են զբոսաշրջիկներին այդ մեթոդով հաշվարկում, բայց խիստ տարբերակում են դնում կազմակերպված զբոսաշրջիկի եւ անհատական այցելությամբ երկիր ժամանողի միջեւ, որովհետեւ իրական եկամուտներն ապահովում է կազմակերպված զբոսաշրջությունը:

Ըստ Ռ. Մինասյանի` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են նաեւ հյուրանոցների գները եւ սպասարկման ցածր մակարդակը: Ըստ նրա` արտասահմանցիները պատրաստ են իրենց հանգստի կազմակերպման համար միջոցներ ծախսել, բայց Հայաստանում առաջարկվող հյուրանոցային գները եւ սպասարկումը միմյանց համապատասխան չեն: «Հայաստանում, ըստ էության, զբոսաշրջային հյուրանոցներ չկան, դրանք զբոսաշրջիկի գրպանի համար չեն: Իսկ այսքան հյուրանոցներ կառուցելու պատճառը երեւի մոդան էր, ասենք` ինչպես մոդա էր շքեղ մեքենա ունենալը, կամ բարձր պարիսպներով շքեղ առանձնատներ ունենալը»,- կարծիք հայտնեց նա` ավելացնելով, որ հյուրանոցային բիզնեսը տարվա ընթացքում գնային շատ ճկուն քաղաքականություն պետք է վարի, բոլոր սեզոններին հաճախորդներ ունենալու համար, իսկ Հայաստանում գները գրեթե միշտ նույնն են: «Տարվա կտրվածքով հյուրանոցների համարների զբաղվածությունը մոտ 20 տոկոս է կազմում»,- նշեց Զբոսավարների միության նախագահը:
Ըստ նրա` Հայաստանը զբոսաշրջության երկիր դարձնելու մեծ ներուժ ունի, հաջողությամբ կարող են զարգանալ մշակութային, էքստրեմալ զբոսաշրջության ուղղությունները, բայց զարգացման համար այժմ տարրական հարմարություններն են բացակայում:

«Օրենք են ընդունել, որ բենզալցակայանները պարտադիր զուգարաններ պետք է ունենան, բայց օրենքը չի կատարվում, ինչու չեն հետեւում այդ պահանջների իրագործմանը: Խնդիր է նաեւ պատմամշակութային հուշարձանների հարակից հատվածների աղտոտվածությունը, որը հիմնականում շրջակայքում ապրող բնակիչների մեղավորությունն է»,-նշեց Ռ.Մինասյանը` հավելելով, որ ժողովուրդն էլ արտասահմանցիների նկատմամբ հյուրընկալությամբ աչքի չի ընկնում: «Մենք հյուրասեր ազգ ենք, բայց հյուընկալ չենք, յուրաքանչյուրս մեր տանը կարող ենք հյուրին շատ լավ պատվել, բայց տանից դուրս նրանց նկատմամբ նույն վերաբերմունքը չկա, մինչդեռ արտասահմանցի զբոսաշրջիկին պետք է երկիր այցելելու պահից բարեհամբույր վերաբերմունք ցույց տալ»,- եզրափակեց Հայաստանի զբոսավարների միության նախագահը: