10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը դեկտեմբերի 29-ին դիմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` նույն ընտրատարածքում Արա Սիմոնյանի թեկնածությունը չեղյալ ճանաչելու հարցը քննարկելու պահանջով: Նա հանձնաժողովին առաջարկում է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան: Հանձնաժողովը հարցը կքննարկի հինգշաբթի օրը:
Պ. Հովակիմյանի ներկայացմամբ, Ա. Սիմոնյանը խախտել է նախընտրական քարոզչության իրականացման կարգը, մասնավորապես ԸՕ 18-րդ հոդվածի 8-րդ կետը, իսկ դա հիմք է` գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Որպես ապացույց, նշվում է դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքը, երբ, ինչպես նա հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանին, «ոմն թեկնածուի շտաբից բնությանը անհայտ կենդանիներ` 25-30 անձինք, հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի համակիրների եւ վստահված անձանց վրա»: Հիշեցնենք, որ այդ անձինք առանձնակի դաժանություն են ցուցաբերել` կիրառելով մետաղյա ձողեր եւ սառը զենք համարվող կաստետներ: Այդ մարդիկ հայտնի են, նշված շտաբը փակ է, ոստիկանությանն ու դատախազությանը հաղորդում է ներկայացված, կատարվում է հետաքննություն:
10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ միջադեպի մասին իմացել են մամուլից, եւ եթե պարզվի, որ թեկնածուն նման խախտում է արել, «իհարկե, հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»:
Իսկ Արա Սիմոնյանը կտրականապես հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին: ""Ես կարծում եմ, որ դա սադրանք է, որովհետեւ վերջին ժամանակներս անընդհատ ուզում էին կապել իմ անունը այս կամ այն ուժերի հետ եւ այլն, երկրորդը` որ պատրաստված երկաթե ձողերով … էդ ովքե՞ր էին` այդպես պատրաստվել էին ու գիտեին, որ պետք է մարդիկ գան, որ իրենց երկաթե ձողերով վայրկենական պատրաստ եկան-խփեցին: Մենք ունենք տեղեկություններ, որ դա ՀԱԿ-ի մեջ մտնող կուսակցություններից մեկի անդամներ են եղել` չգիտեմ ինչ ձեւով, ասենք, քողարկված, եւ ես անձնական իմ համոզվածությունն ունեմ, որ սա սադրանք է: Շատ հնարավոր է, որ բակային վեճ ու կռիվ էլ լինի` ես չեմ բացառում",- ասել է նա:




























