Հասել է ժամանակը, որ ադրբեջանական ընդդիմությունը գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը եւ, մի կողմ թողնելով բոլոր հավակնությունները, որոշում կայացնի խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես միասնական ուժ: Այսօր՝ հունվարի 8-ին նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ընդդիմադիր լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթ Հաջիեւան, հաղորդում է Trend News-ը:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները, դեռ անհնար է կանխատեսել, «ամեն ինչ կախված է հանրության ակտիվության աստիճանից»:

«Ընտրական գործընթացին պետք է մասնակցի ողջ ժողովուրդը: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրողները ակտիվություն չեն ցուցաբերում»,- նկատել է Հաջիեւան: Նա համոզմունք է հայտնել, որ այն բարդ իրավիճակում, որին բախվել են ժողովրդավարական ուժերը, ընդդիմությունը պետք է հանդես գա միացյալ ճակատով:

Նրա կարծիքով, դրական արդյունքի կարելի է հասնել միայն ընդդիմադիր ողջ ճամբարի միավորման դեպքում: «Մենք կարող ենք հասնել դրան, եթե վերջ դնենք ընդդիմադիր կուսակցությունների պառակտմանը: Պետք է վերջ դնել մեծ եւ փոքր կուսակցությունների մասին խոսակցություններին»,- կարծում է ընդդիմադիր գործիչը:

Հաջիեւայի խոսքով, եթե ընդդիմությունը կրկին խմբավորումների բաժանվի, հաջողության հասնելու շանսեր չի ունենա: «Մենք գործունեություն ենք ծավալում „Ազադլիգ“ դաշինքի կազմում: Անկասկած, այդ դաշինքը եւս մասնակցելու է ընտրություններին», ասել է նա:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են 2010թ. աշնանը: Նախորդ ընտրությունները կայացել են 2005թ. նոյեմբերին: