Ներկա պահին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այն կազմակերպվել է 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում: Հանրահավաքը վարում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Հանրահավաքին ներկա է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ժամանելուց ներկաները սկսել են վանկարկել «Լեւոն-Լեւոն»: Միջոցառմանը ներկա են նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Ն. Փաշինյանի շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը:

Հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունից անցյալ տարեվերջին հեռացված անդամների անունից Արթուր Սարդարյանը հայտարարել է, թե կուսակցությունից հեռացվածները ստեղծել են «Ժողովրդական իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որը միանում է ՀԱԿ-ին: Իսկ հանրահավաքը վարող Արամ Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ ՀԱԿ-ին է միացել նաեւ «Լինենք տեր պետության» ուսանողական երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Նշենք, որ հանրահավաքում ելույթ են ունենալու Լ. Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս իր թեկնածությունը հանել է ի օգուտ Ն. Փաշինյանի: Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները խոչընդոտել են ընդդիմության ներկայացուցիչներին` բարձրախոսով բնակչությանն իրազեկել հանրահավաքի մասին: