Եվրամիությունում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը ուրբաթ հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է առաջիկա մեկուկես տարվա ընթացքում բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ վերջինիս ԵՄ մտնելու հարցի շուրջ: Այդ մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman թերթը: Թերթը մեջբերել է Մորատինոսի խոսքերը. «Մեր նախագահության ընթացքում մենք մտադիր ենք բանակցություններ վարել 4 կետերի շուրջ»:

Նշենք, որ Թուրքիան առ այսօր բանակցություններ է վարել ԵՄ-ին անդամակցելու համաձայնագրի 35 կետերից միայն 12-ի շուրջ: Համաձայն պարբերականի՝ Թուրքիայի գլխավոր խնդիրը Կիպրոսի հետ փակ սահմանն է: 2006թ. ԵՄ-ն դադարեցրեց բանակցությունները 8 կետի շուրջ հենց այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվեց բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի հունական մասի համար: Մորատինոսը նշել է նաեւ, որ իր երկիրը հակամարտության կարգավորման հույսեր է փայփայում: