Արցախի Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում բացվել է հուշահամալիր՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմում զոհված գյուղացիներին։ Բացի հերոսների նկարներից, առանձին սալիկի վրա գրված են նաեւ այն զարդախաչցիների անունները, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։

Բացման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, շրջանային եւ գյուղական ղեկավարությունը, ինչպես նաեւ Զարդախաչի բնակչությունը։ Հուշահամալիրը բացել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ զոհված ազատամարտիկ Պավել Մանուկյանի դուստրը՝ Աննա Մանուկյանը։ Հուշահամալիրն օրհնել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Այս երիտասարդներն արյուն են թափել մեծ գործի՝ մեր անկախության, ազատության եւ ազգի արդար պահանջի համար։ Արցախի ողջ հողը, մանավանդ Մարտակերտի շրջանը, ոռոգված է հայոց զավակների արյունով։ Այդ արյունն ավելի է ամրապնդում հազարամյակներից եկող մեր պատմական արմատները։ Մեր ուղին մեկն է՝ ամրապնդել այն, ինչը որ իրենց տանջանքով եւ խիզախությամբ ձեռք են բերել մեր հերոսները, մեր ժողովուրդը։ Գինը բարձր է, սակայն նպատակը էլ ավելի ՝ կյանք, ազատություն եւ հավերժություն։ Այսօր մենք բոլորս խոնարհվում ենք մեր զոհված հերոսների առջեւ ոչ թե թախիծով, այլ հպարտությամբ եւ ուրախությամբ, քանի որ հերոսականությունը բարձրագույն բարոյական առաքելություն է։ Եւ մենք պետք է երախտապարտ լինենք Աստծուն, որ մեր ժողովուրդը ծնում է եւ ծնելու է հերոսներ։ Մենք զոհեր ենք տվել եւ եթե, Աստված չանի, պետք լինի, դարձյալ կզոհաբերենք հանուն կյանքի եւ ազատության»,- ասել է Պարգեւ Մարտիրոսյանը։

Իր խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հուշահամալիրը « բաց դաս կլինի նրանց համար, ովքեր այսօր սովորում են դպրոցներում, ովքեր գնալու են դպրոց, ինչպես նաեւ գալիք սերունդների համար՝ փաստելով հայրենիքի այս հիասքանչ հատվածի պահպանման եւ հետագա զարգաման համար իրենց նախնիների արածի մասին։

Ցավոք սրտի, ինչպես Մարտակերտի շրջանի մեծ մասը, Զարդախաչ գյուղը եւս ապրել է շատ ծանր օրեր՝ տեղահանում, կուրուստներ, զրկանքներ։ Այսօր ամեն ինչ վերադառնում է իր սովորական հունին։ Զարդախաչում եւ Արցախի այլ գյուղերում մենք ոչ միայն նորից վերակենդանացնում ենք մեր օջախները, այլեւ հարգում մեր զոհված հերոսների անմոռաց գործը, այն, ինչը նրանք Արցախին նվիրել են կյանքի գնով։ Զարդախաչն արդեն ունի իր լեգենդը՝ Արցախի հերոս, գեներալ Գեորգի Գասպարյանը, Զարդախաչն ունի իր զոհված հերոսները, ովքեր մեզ են նայում այս հուշահամալիրից։ Եւ նրանք մեզ կտակել են պաշտպանել եւ պահպանել երկիրը։ Նման օրերին երկակի զգացողություններ ես ունենում։ Մի կողմից՝ մենք նորից վերապրում ենք կորուստների ցավը, մյուս կողմից՝ հպարտության եւ արժանապատվության զգացում ունենում, քանի որ մենք կարծես նորից վերագտնում ենք մեզ։ Մենք կվերականգնենք մեր բոլոր գյուղերը, քանի որ այդ գյուղերում կան հուշահամալիրներ, հուշարձաններ։ Զոհվածները մեզ կտակել են ունենալ ծաղկող Արցախ, հզոր երկիր, ուժեղ բանակ, որը կշարունակի սկսած գործը»։

Հուշահամալիրի կառուցման նախաձեռնողները եւ հովանավորները գյուղի բնակիչներ Գեորգի, Գուրգեն Գասպարյաններն են (վերջինս Ռուսաստանի քաղաքացի է) եւ Արկադի Միրզոյանը։ Ֆինանսական միջոցներ են տրամադրել նաեւ այլ երկրներում ապրող զարդախաչցիները։