Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նախօրեին ծնվել էր սիրիահայ Ալին եւ Պերճ Սալիբյանների որդին` Քրիստը: Նորածին Քրիստ Սալիբյանը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սալիբյանների ընտանիքը Հայաստան էր ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Ընտանիքի մայրը, ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական միջնորդությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով, գտնվում էր բժիշկների հսկողության ներքո` ստանալով Ծննդօգնության պետական հավաստագրի, ինչպես նաեւ` սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնությունները:
Սիրիահայ Սալբին նախարարին կրկին շնորհակալություն հայտնեց այն հետեւողական աջակցության համար, որը ստացել են իրենք եւ հայրենակիցները` Հայաստան ոտք դնելով:
Նախարար Հ. Հակոբյանը շնորհավորեց տիկնոջը, քաջառողջություն մաղթեց փոքրիկին` հույս հայտնելով, որ նա կդառնա Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի եւ զինվոր, կապրի ապահով եւ խաղաղ կյանքով: Նախարարը վստահեցրեց, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի հոգածություն ցուցաբերել այս ընտանիքին, եւ եթե Սալիբյանները որոշեն հաստատվել Հայաստանում, կաջակցի երիտասարդ հորը աշխատանք գտնելու հարցում:




























