«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Եթե մեղադրյալ ներգրավվելիս փոխգնդապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), ապա այժմ այն լրացվել է եւ մեղադրանք է առաջադրվել նաեւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցությւոններից հետո Վարդան Սամվելյանը  ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի  հրամանատարի տեղակալն է, նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: