Արարատի մարզում 20-ամյա Օնիկը 3 անգամ սեռական հարաբերություններ է ունեցել 16 տարին չլրացած համագյուղացի Հերմինեի հետ: NEWS.am-ը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ օգոստոսի 20-ին գործը ընդունվել է վարույթ, իսկ առաջիկա դատական նիստի մասին հավելյալ կտեղեկացվի:

Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Օնիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբեր ամսից մինչեւ 2012թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում երեք անգամ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած համագյուղացի Հերմինե Գասպարյանի հետ: 

Մինչ գործը դատարան ուղարկվելը քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Հ.Գ Գործում ներգրավված  անձանց անուն-ազգանունները փոխված ենք ներկայացրել: