Հարցազրույց «Սիս Նատուրալ» ընկերության տնօրեն-հիմնադիր Արմեն Հակոբյանի հետ.

Պրն. Հակոբյան, հյութերի շուկան Հայաստանում գերհագեցած է, իսկ դուք արտադրության ընդլայնման քայլ եք անում: Ռիսկային չե՞ք համարում ձեր ներդրումները:

Տեղական շուկան իրոք հագեցած է հյութերով` եւ արտադրությունն է շատ, եւ ներմուծումը: Եթե համեմատենք այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի, Վրաստանի կամ Ուկրաինայի հետ, ապա 1 շնչին ընկնող արտադրական կարողություններով Հայաստանը բոլորին գերազանցում է: Առանց արտահանման ներկայում որեւէ խոշոր կազմակերպություն հյութերի շուկայում երկար գոյատեւել չի կարող: Այդ պատճառով մեր ջանքերը կենտրոնացրել ենք արտահանման ընդլայնման ուղղությամբ: Արտահանում ենք բազմաթիվ երկրներ` ԱՄՆ, Հունգարիա, Չեխիա, Մերձբալթյան երկրներ, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ուզբեկստան եւ այլն: Բոլոր երկրներում էլ մեր արտադրանքը հաջող քննություն է բռնել եւ պահանջարկ է վայելում: Միայն սեպտեմբերին մոտ 12 բեռնատար դուրս կուղարկենք: Բնականաբար` մեր ամենամեծ շուկան Ռուսաստանն է, որտեղ մեր համին ու հոտին սովոր են ու բարձր են գնահատում: Բայց եթե այս տեմպերով շարժվենք` մեր համերին կսովորեցնենք նաեւ Եվրոպային:

Բայց Եվրամիությունում բավական խիստ ստանդարտներ են գործում: Դա չի՞ բարդացնում արտահանման գործընթացը:

Մենք սերտիֆիկացված ենք Եվրոպայում, բոլոր ստանդարտներին բավարարում ենք: Ունենք նաեւ էկոլոգիապես մաքուր` «bio» մակնշմամբ հյութեր, որոնք ստացվում են օրգանիկ այգիների մրգերից (աճեցվել են առանց քիմիկատային մշակման): Մեր հյութերը պարբերաբար ստուգման են ենթարկվում գերմանական լաբորատորիաներում: Արտադրանքը ոչ միայն համապատասխանում է եվրոպական ամենախիստ ստանդարտներին, այլեւ, շնորհիվ Արարատյան դաշտի արեւի, համային հատկանիշներով գերազանցում է շատ եվրոպական բրենդների: Բայց անգամ ներմուծված խյուսերից կարողանում ենք ստանալ նույնպես բարձրակարգ հյութեր, քանի որ վերամշակման տեխնոլոգիան եւս դեր է խաղում: Գուցե տարօրինակ թվա` բայց մեր տեսականու մեջ Ռուսաստանում ամենաշատը վաճառվում է նարնջի հյութը, որը ստանում ենք ներմուծված խյուսից: Մենք հասել ենք նրան, որ «Յան» բրենդն արդեն ճանաչված ու գնահատված է Ռուսաստանում ու այլ երկրներում:

Ասեցիք` վերամշակման տեխնոլոգիան դեր է խաղում: Վերջերս նոր արտադրամաս բացեցիք: Դա նկատի ունեի՞ք:

Նաեւ դա: Կառուցեցինք առաջնային վերամշակման եւ ասեպտիկ հոսքագիծը, որը հնարավորություն է տալիս մեզ պատրաստելու սեփական խյուսը (մրգի միզվածքը,-Ս.Ա.): Հոսքագիծն ամբողջությամբ պատրաստել ենք մեր ուժերով, որն աննախադեպ է Հայաստանում: Բոլոր նույնիսկ փոքր դետալները տաշվել են հայաստանյան գործարաններում, իսկ մեր ինժեներատեխնիկական անձնակազմն իրականացրել է հոսքագծի վերջնական հավաքումը: Արտադրվող խյուսն այնքան որակյալ է, որ աշխարհի շատ երկրների հայտնի ընկերություններ ցանկություն են հայտնում մեզանից գնել հայկական մրգերի խյուսը:

Դուք այն ընկերություններիք եք, որ կառավարությունից ֆինանսական աջակցություն է ստացել: Դա ձեզ մրցակցային առավելություն տալիս է՞:

Մեր գործունեությունը սկսել ենք 2000 թ.` 12 հոգով, աշխատել ենք ավելի շատ էնտուզիազմով: Աստիճանաբար աճեցինք: Կառավարության աջակցությունն առաջին անգամ զգացինք 3-4 տարի առաջ` ռուսական վարկի միջոցներից ստացանք 350 մլն դրամ վարկ, որը հիմնական մասն արդեն մարել ենք: Երկրորդ օժանդակությունը ստացանք այս տարի` Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական  Հիմնադրամի միջոցով, ընդհանուր առմամբ` 400 մլն դրամի չափով, որից 200 մլն դրամ` վարկ: Կարծում եմ` այսօր եւ մեր, եւ ընդհանրապես` բիզնեսի առաջնային ցանկությունը արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալն է: Պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը միայն դրական կանդրադառնա բիզնես միջավայրի վրա, կնպաստի մեր դիրքերի ամրապնդմանը միջազգային շուկաներում: Կառավարության աջակցությունն առաջին հերթին մեզ համար կարեւոր է արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման համար: Օգտվելով առիթից` հայաստնայան բոլոր արտադրողներին ցանկանում եմ հաջողություն, քանի որ արտադրությունը բիզնեսի ամենադժվար մասն է Հայաստանում:

Իսկ հայկական մրգահյութերից որն է՞ ամենապահանջարկվածը արտասահմանում:

Հայաստանից դուրս մեծ պահանջարկ ունի նռան հյութը: Ասեմ, որ հայկական նռան այգիները չեն բավարարում մեր պահանջարկը: Ողջ աշխարհում առկա է նռան հյութի, ու ընդհանրապես` նռան հետ կապված այլ մթերքների նկատմամբ հսկայական պահանջարկ: Դա պայմանավորված է նրանով, որ նուռը, ըստ վերջին հետազոտությունների, համարվում է համար մեկ անտիրոգենը (հակաքաղցկեղային): Կարծում եմ` մեր գյուղացիները պետք է արագորեն ընդլայնեն նռան այգիները:

Զրուցեց` Սամվել Ավագյանը