«Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը (ՍՄ) այս տարվա օգոստոսի 11-ին հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ: Բացառիկ հարցազրույցի մի մասը ֆրանսիական թարգմանությամբ տպագրվել է պարբերականի վերջին համարում (N188, սեպտեմբեր 2012):

Հաշվի առնելով հարցազրույցի բացառիկ բնույթը, «Նուվել դ’Արմենին» որոշեց այն վերաարձանագրել հայերեն եւ ամբողջությամբ հրապարակել իր կայքում՝ հայախոս եւ, մասնավորապես, հայաստանցի ընթերցողի համար:

ՍՄ- Սկսենք սկզբից: Դուք ի՞նչ միջավայրում եք ծնվել եւ մեծացել:

ՌՀ- Ես ծնվել եմ սոցիալապես ապահով ընտանիքում: Խորհրդային տարիներին, 1970-ականներից սկսած, հայրս երկու ռեստորան էր ղեկավարում: Մեկը գտնվում էր Աճառյան փողոցի ծայրին, իր ժամանակին շատ լավ ռեստորան էր, Երեւանի լավագույն ռեստորաններից մեկը, իսկ մյուսը Նորքի զանգվածում էր՝ հիվանդանոցի կողքին, կոչվում էր «Գրիլ բար»: Հայրս դրանք զրոյից էր կառուցել եւ դրանց տնօրենն էր:

ՍՄ – Ձեր հայրը որտեղի՞ց էր ձեռք բերել այդ երկու ռեստորանը կառուցելու միջոցները:

ՌՀ- 1970-ին ես յոթ տարեկան էի: Պիտի նրան հարցնեք: Ես գիտեմ, որ 1970-ից առաջ, հայրս բեռնափոխադրման ոլորտում է աշխատել, ինչը բավականին շահութաբեր ոլորտ էր: Մեծ մեքենաներով Հայաստանից արտահանում էին սննդամթերք ու քարեր: Մայրս չէր աշխատում: Տնային տնտեսուհի էր:

ՍՄ- Ձեր ընտանիքի արմատները որտեղի՞ց են:

ՌՀ – Մենք Ավանից ենք: Ավանցիների մի մասը Խոյից (Իրան) է տեղափոխվել այստեղ: Ես փորձեցի ուսումնասիրել, բայց չկարողացա պարզել՝ հորս ընտանիքը տեղացի՞ է եղել, թե՞ Խոյից է տեղափոխվել: Ամեն դեպքում ավանցիները Խոյի բարբառով են խոսում: Մայրս Աբովյանի մոտերքում գտնվող Ակունք գյուղից է:

ՍՄ- Ձեր մականունը՝ Նեմեց Ռուբո, ինչպե՞ս է առաջացել: Ասում են, թե ձեր հայրը գերի է ընկել գերմանացիներին:

ՌՀ- Բոլորովին: Հայրս 1939-ին է ծնվել: Ինչպե՞ս կարող էր գերի ընկնել գերմանացիներին: Երկրորդ համաշխարհայինի ավարտին նա վեց տարեկան էր: Այդ մականունը նրա քեռուց է մեզ փոխանցվել, տատիս եղբորից՝ իմ մեծ քեռուց, որը 1939-ին՝ հորս ծննդյան տարում զորակոչվել էր, մասնակցել էր պատերազմին եւ վիրավորվել էր: Նրա մարմնում երկաթներ էին մնացել: Նա մասնագիտությամբ վարորդ էր, եւ, ինչպես ամեն վարորդ, նաեւ մեքենաներ էր նորոգում: Երբ նա բեռնատար մեքենա էր նորոգում, մտնում էր մեքենայի տակ, երկաթը շարժվում էր ու ցավեցնում, եւ նա սկսում էր գերմանացիներին հայհոյել՝ «նեմեցի էսը», «նեմեցի էնը»: Ու սկսեցին նրան «Նեմեց» կոչել, հետո էլ մեզ փոխանցվեց այդ մականունը:

ՍՄ- Դուք հայկակա՞ն դպրոց եք գնացել, թե՞ ռուսական:

ՌՀ- Հայկական դպրոց՝ Ավանում:

ՍՄ- Կոմերիտական եղե՞լ եք:

ՌՀ- Այո, դժբախտաբար: (Ծիծաղում է): Տասնհինգ տարեկանում կոմերիտական էինք դառնում: Եթե ես հրաժարվեի, հորս կնեղեին, մինչեւ իսկ Սիբիր կաքսորեին: Իսկ եթե դպրոցից հետո ուզենայի դուրս գալ կոմերիտմիության շարքերից, իմացեք, որ հորս չէին թողնի նույնիսկ մի պատառ հաց ուտել: ՍՄ- 1980-ից մինչեւ 1981 թվականը (17- 18 տարեկանում) դուք որպես բանվոր աշխատել եք «Ալմաստ» գործարանում: Դա ինչպե՞ս եղավ:

ՌՀ- Խորհրդային տարիներին, եթե համալսարան չէիր ընդունվում, կարող էիր մի տարի որպես բանվոր աշխատելով ստաժ ձեռք բերել եւ հաջորդ տարի նորից ներկայանալ քննություններին:

ՍՄ- Դուք ինչո՞ւ չընդունվեցիք:

ՌՀ- Խորհրդային համակարգը շատ արհեստական սկզբունք էր կիրառում. պիտի ամեն ինչի համար քո հերթին սպասեիր: Խանութում պիտի հերթ կանգնեիր հաց գնելու համար, սպասեիր միս գնելու համար, մրցույթով անցնեիր համալսարան ընդունվելու համար: 25 տեղի համար 500 դիմորդ կար, այսինքն մի տեղի համար՝ 20 դիմորդ: Ինձ երեք միավոր չհերիքեց: Իսկ բանվորական ստաժը հնարավորություն էր տալիս ոչ միայն նորից մասնակցել ընդունելության մրցույթին, այլեւ միավորներ էր տալիս:

ՍՄ- Ձեր բանվորական աշխատանքն իրենից ի՞նչ էր ներկայացնում:

ՌՀ- Ես առաջին կարգի էլեկտրիկ էի Զեյթուն թաղամասում գտնվող «Ալմաստ» գործարանում, որտեղ սղոցներ էին արտադրում: Ես փչացած մեխանիկական մասերը, հատկապես՝ այրված մեծ շարժիչները տանում էի վարպետի մոտ, որը դրանք նորոգում էր: Հաջորդ տարի ես ինստիտուտ ընդունվեցի:

ՍՄ- Այսինքն բարձրագույն կրթությո՞ւն ունեք:

ՌՀ- Իհարկե:

ՍՄ – Ինչքա՞ն եք սովորել եւ որտե՞ղ:

ՌՀ- 1982-ին ընդունվեցի Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտ, բայց նոր օրենք ընդունվեց, ըստ որի, ինստիտուտի երկրորդ կուրսն ավարտելուց հետո բոլորը պիտի բանակում ծառայեին: 1983-ին ես ստիպված եղա ընդհատել ուսումս, որպեսզի ծառայեի խորհրդային բանակումª Ստեփանավանում:

ՍՄ- Դուք ուրեմն մնացել եք Հայաստանում, մինչդեռ շատ ուրիշների ուղարկում էին ԽՍՀՄ հեռավոր անկյուններ: Դա պատահականությո՞ւն էր, թե՞ դուք ինչ-որ բան էիք արել դրա համար:

ՌՀ- Պատահականություն էր:

ՍՄ- Հետո՞: 

ՌՀ- 1985-ին վերադարձա բանակից եւ շարունակեցի ուսումս, որն ավարտեցի 1988-ին (25 տարեկանում), ստանալով հաշվապահի մասնագիտություն: Դրանից հետո ինձ նշանակեցին հաշվապահ Հասարակական սննդի միավորումում: Յուրաքանչյուր շրջան իր ՀՍՄ-ն ուներ, դրա մեջ սննդի հետ կապված երկու հարյուր ձեռնարկություն էր մտնում, այսինքն՝ ռեստորաններ, բուֆետներ եւ այլն: Ես այնտեղ էի աշխատում՝ գլխամասում: 

ՍՄ- Իսկ չցանկացա՞ք ձեր հոր ռեստորաններն աշխատեցնել: 

ՌՀ- Խորհրդային տարիներին պետությունն էր համալսարանից հետո աշխատանքի նշանակում: Մենք ընտրություն չունեինք: Մենք պարտավոր էինք երեք տարի ուղեգրով աշխատել, ինչից հետո միայն իրավունք ունեինք փոխելու: Կարող էին քեզ նաեւ գյուղ ուղարկել, ու եթե համարձակվեիր հրաժարվել, շատ խնդիրներ կունենայիր: Այնպես որ, ավելի լավ էր ընդունել տհաճ աշխատանքը, որը քեզ առաջարկվում էր երեք տարվա համար, քան թե հրաժարվել դրանից: Որպեսզի ինքդ որոշեիր, թե ինստիտուտից հետո ինչ ես աշխատելու, պիտի բարձրաստիճան ծանոթներ ունենայիր եւ «ազատ դիպլոմ» կոչվածը:

ՍՄ- Այդ առաջին նշանակումն անելիս հաշվի առնո՞ւմ էին քո մասնագիտությունը:

ՌՀ- Պարտադիր: Ես ավելին կասեի. մարդկանց իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքով ապահովելու համար ուռճացնում էին հաստիքների քանակը, եւ մի փոքրիկ խանութ, օրինակ, կարող էր երեք տնօրեն ունենալ: Դրան գումարվում էր նաեւ աշխատելու պարտադրանքը: Անհնար էր չաշխատել: Եթե ինչ-որ մեկն առանց աշխատելու էր մնում, առաջին զգուշացում էր ստանում: Այնուհետեւ նրան նշանակում էին ինչ-որ տեղ աշխատելու: Եթե էլի հրաժարվեր, նրան դատի էին տալիս ու մեկ տարով ազատազրկում:

ՍՄ- Հասնում ենք 1991 թվականին՝ Հայաստանի անկախության շեմին: Դուք քսանութ տարեկան եք: Վազգեն Մանուկյանը, որն այն ժամանակ վարչապետ էր, ձեզ նշանակում է հայկական ծխախոտ արտադրող գործարանի՝ «Հայծխախոտի» փոխտնօրեն: Դուք նրան որտեղի՞ց էիք ճանաչում:

ՌՀ- Շարժումից:

ՍՄ- Այսինքն մասնակցե՞լ եք շարժմանը:

ՌՀ- Այո:

ՍՄ- Ինչպե՞ս:

ՌՀ- Բոլոր եղանակներով: Բոլոր հնարավոր միջոցներով օգնում էի: Բայց չեմ սիրում խոսել դրա մասին: Ես չեմ ուզում խոսել իմ արած լավ գործերից կամ բարեգործությունից: Բայց կարող եմ գոնե ասել, որ ակտիվորեն մասնակցել եմ այն բոլոր միջոցառումներին, որոնք կարող էին նպաստել խորհրդային համակարգի փլուզմանը եւ որ Ղարաբաղի հարցն ինձ համար շատ կարեւոր էր: Հենց դա ինձ տարավ դեպի Շարժում: Ես ուզում էի, որ Ղարաբաղը մերը լինի եւ որ անկախություն լինի: Դրա համար էլ ամեն ինչով օգնում էի Շարժման գործիչներին՝ զենքով, զինամթերքով, գումարով, սննդամթերքով: Երբ շարժումը սկսվեց, ես ոչ միայն ՍՀՄ-ում հաշվապահ էի, այլեւ զբաղվում էի հայրիկիս ռեստորանով, որը Նորքի զանգվածում էր: Մենք ուտելիք էինք պատրաստում Օպերայի նստացույցի մասնակիցների համար:

ՍՄ- Այսինքն հենց սկզբից ճանաչե՞լ եք «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին:

ՌՀ- Այո, առաջինները Վաչե Սարուխանյանն ու Իգոր Մուրադյանն էին, չնայած Ղարաբաղ կոմիտեի իսկական հիմնադիրը Վազգեն Մանուկյանն էր, որը 1965-1967 թթ-ից նախաձեռնել էր հակախորհրդային շարժումը: Եթե շատ ճշգրիտ լինենք, առաջին միտինգը բացել է Գագիկ Սաֆարյանը: Ես ու նա նույն թաղամասից ենք: Բայց դա ընդամենը տասն օր տեւեց, որովհետեւ սկզբի այդ առաջնորդները քաղաքականապես պատրաստ չէին: Այնուհետեւ Վազգեն Մանուկյանը ստանձնեց Ղարաբաղյան շարժումը գլխավորելու եւ շարունակելու գործը: Ես այդ ամենին ներկա եմ եղել հենց սկզբից: Ես ճանաչում էի «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին, մտերիմ էի նրանց հետ, որովհետեւ արձագանքել էի ցուցարարներին դրամ եւ սնունդ հասցնելու նրանց կոչերին:

Գիտե՞ք, այն ժամանակ այսօրվա պես չէր, երբ կարող են խուժանի պես ցույց անել ու ամեն ինչ ջարդուփշուր անել: Այդ ժամանակ ինչ-որ բան էր արթնացել մարդկանց սրտերում: Ես ուրախությունից ապշել էի: Երբ Ղարաբաղ կոմիտեն կոչ արեց նվիրատվություններ անելու, Օպերայի հրապարակում պարկերով էին հավաքում փողը: Մարդիկ իրենց աշխատավարձը բերում էին հրապարակ ու լցնում այդ պարկերի մեջ: Այդպես սկսվեց: Հետո պետք եղավ փամփուշտներ մատակարարել: Ես գուցե իրավունք չունեմ դրա մասին խոսելու, բայց մենք խորհրդային բանակից փամփուշտ էինք գնում:

ՍՄ- Կաշառո՞ւմ էիք Հայաստանում տեղակայված խորհրդային կայազորների հրամանատարներին ու սպաներին:

ՌՀ- Իհարկե, բնականաբար: Դրանից հետո ես անձամբ մասնակցեցի Ղարաբաղի ազատագրման պատերազմին:

ՍՄ- Ուզում եք ասել, որ կռվե՞լ եք Ղարաբաղում:

ՌՀ- Այո՜:

ՍՄ- Կարո՞ղ եք ասել, թե որ ջոկատում: 

ՌՀ- Տարբեր ջոկատներում, չեմ ուզում դրա մասին խոսել: 

ՍՄ- Շուշիի ազատագրմանը մասնակցե՞լ եք: 

ՌՀ- Ոչ: 

ՍՄ- Իսկ Մարտակերտի, Շահումյանի, Գետաշենի պարտությունների՞ն:

ՌՀ- Չէ, ես այնտեղ չէի: 

ՍՄ- Իսկ որտե՞ղ էիք: 

ՌՀ- Ձեզ արդեն ասացի, որ չեմ սիրում դրա մասին խոսել: Ես զենք էի գնում Ախալքալաքում: Քանի որ «Հայծխախոտում» էի աշխատում, ծխախոտ էի տանում Ախալքալաք եւ փոխանակում զենքի ու զինամթերքի հետ: 

ՍՄ- Իսկ այդ ժամանակ քաղաքականացվա՞ծ էիք: 

ՌՀ- Մի օր, եթե առիթ լինի… Բայց հերիք, ինչքան իմ մասին խոսեցինք: 

ՍՄ- Գոնե կարո՞ղ եք ասել, քաղաքական որեւէ շարժման անդա՞մ էիք: 

ՌՀ- Ես ոչ դաշնակցական եմ եղել, ոչ հհշական: Ես ուղղակի իմ երկրի եւ ժողովրդի հետ էի: Ճիշտ է, որ Ղարաբաղում ինչ-որ պահի Դաշնակցության ազդեցությունը գերակշռող էր, որովհետեւ դաշնակները կարողանում էին արտասահմանից բերել զենք, սնունդ, համազգեստներ եւ մատակարարել իրենց ջոկատներին:

ՍՄ- Նախքան կփակենք այս թեման, որը մի առանձին հարցազրույցի նյութ է, կարո՞ղ եք պնդել, որ կռվել եք Ղարաբաղում:

ՌՀ- Այո, Սմբատ Հակոբյանի հրամանատարության տակ: Նա կարող է հաստատել դա:

ՍՄ- Դուք Երկրապահի անդա՞մ եք:

ՌՀ- Ոչ:

ՍՄ- Վերադառնանք «Հայծխախոտ» գործարանին, որի տնօրենի տեղակալ էր ձեզ նշանակել Վազգեն Մանուկյանը 1991-ին: Տնօրենն ո՞վ էր:

ՌՀ- Լիդա Սարգսյանը: Նա խորհրդային ժամանակներից էր այդ գործարանի տնօրենը, 1985-ից, եթե չեմ սխալվում: 

ՍՄ- Վազգեն Մանուկյանը 1991-ին ձեզ ինչո՞ւ նշանակեց այդ պաշտոնին: 

ՌՀ- Երկրում անիշխանություն էր: Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ զանգվածային թալան էր սկսվել: Զինված խմբավորումներ կային, որոնք մտնում էին պետական ձեռնարկություններ եւ տանում էին, ինչ որ ուզենային: Իրականում ինձ նշանակեցին, որպեսզի թույլ չտայի, որ ձեռնարկությունը թալանվեր եւ կարգուկանոն հաստատեի, ինչը եւ արեցի: 

ՍՄ-1993-ին դուք դառնում եք «Հայծխախոտի» գլխավոր ինժեները: Այս նոր նշանակումը ինչի՞ էր համապատասխանում: 

ՌՀ- «Հայծխախոտը» գործարան չէր, միավորում էր, որն իր մեջ ներառում էր ծխախոտի վերամշակման չորս գործարան (Տավուշում, Սեւանում, Գորիսում եւ Երեւանում), որոնց գլխամասը Երեւանում էր: Գլխավոր ինժեների պաշտոնը նշանակում էր լինել միավորումում երկրորդ մարդը տնօրենից հետո: 

ՍՄ- 1994-ին, ԼՏՊ-ի օրոք «Հայծխախոտ» միավորումը մասնավորեցվում է, եւ դուք դրա փայատեր եք դառնում: Այդ պահից սկսա՞ծ է, որ, գործարանը կոպեկներով գնելով, սկսում եք հարստանալ:

ՌՀ- Ես ձեռնարկությունը կոպեկներով չեմ գնել: Ընդհակառակը, բավականին թանկ եմ վճարել: Այն տարիներին դա ամենաթանկ մասնավորեցումներից մեկն էր, որովհետեւ ԼՏՊ-ն ու իր ընկերներն ամեն ինչ անում էին, որ ես չկարողանայի գնել գործարանը: 

ՍՄ- Ինչո՞ւ: 

ՌՀ- Որովհետեւ ես Վազգեն Մանուկյանի համախոհներից էի: Վազգեն Մանուկյանի բոլոր մտերիմներին հալածում ու քշում էին: Չէին թողնում հանգիստ ապրել: 1994-ին ինձ ուղղակի վտարեցին երկրից:
ՍՄ- Ի՞նչ է նշանակում «Ինձ ուղղակի վտարեցին երկրից «: 

ՌՀ- Ուզում եմ ասել, որ եթե չհեռանայի, ինձ կարող էին սպանել: Ինձ վերացնելու հրաման կար: Ես Հայաստանից հեռացա 1994-ին եւ վերադարձա 1995-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: 

ՍՄ- Վերադառնանք «Հայծխախոտի» մասնավորեցմանը: Դա ինչպե՞ս է եղել: 

ՌՀ- Միավորման ամեն մի ձեռնարկությունն առանձին մասնավորեցվեց, եւ ես դրանցից միայն մեկի՝ Երեւանի գործարանի բաժնետեր դարձա, այն էլ՝ աշխատանքային կոլեկտիվի՝ մոտ հազար մարդու հետ միասին: Բայց ճիշտ է, որ երեք ամենամեծ բաժնետերերը մենք էինք՝ Լիդա Սարգսյանը, Հրանտ Վարդանյանը եւ ես: Մեզանից ամեն մեկին պատկանում էր բաժնետոմսերի 23,3 %-ը: Այսինքն երեքով Երեւանի գործարանի հիմնական փայատերերն էինք՝ 69,9% բաժնեմասով: Ես մնացել էի գործարանի գլխավոր ինժեները: 

ՍՄ- 1996-ին դուք հիմնադրում եք «Գրանդ Տոբակո» ընկերությունը: 

ՌՀ- Ես ու Հրանտ Վարդանյանը երկուսով ենք հիմնադրել «Գրանդ Տոբակոն»: Մենք կարեւոր ներդրումներ արեցինք, որ կարողանայինք անհրաժեշտ որակ ստանալ ներքին շուկան նվաճելու համար:
ՍՄ- Իսկ ինչո՞ւ չպահպանեցիք «Հայծխախոտ» ապրանքանիշը եւ նոր ձեռնարկություն ստեղծեցիք:

ՌՀ- Այդ ժամանակ մենք հանրապետության այնպիսի նախագահ ունեինք (ծ.լ. ԼՏՊ-ն), որը մեզ թույլ չէր տալիս աշխատել: Ձեզ քիչ առաջ ասացի, որ 1994-ին ես ստիպված եղա հեռանալ երկրից: Պիտի ասեմ, որ երբ 1995-ին վերադարձա Հայաստան եւ իմ թեկնածությունն առաջադրեցի խորհրդարանական ընտրություններում, Գագիկ Ջհանգիրյանն անօրինական կերպով հանեց իմ թեկնածությունը ընտրություններից մի շաբաթ առաջ: Այդպես խանգարեցին իմ պատգամավոր դառնալուն: Դրանից հետո հալածանքների երկրորդ փուլը սկսվեց: Ես նորից ստիպված եղա հեռանալ երկրից: Ես վերադարձա 1996-ի նախագահական ընտրարշավի սկզբին, որ պայքարեի Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Դրան հետեւեցին հալածանքները՝ սեպտեմբերից, նաեւ ձերբակալությունները: Ես միակը չէի: Շատերն էին ինձ նման: Այդ մարդիկ այլեւս ասպարեզում չեն: Նրանց մեծամասնությունն ընդմիշտ հեռացել է Հայաստանից: Մի բենզին ներկրողի եմ հիշում, անունը Ռուբո էր: Նա դեռ էստեղ է, բայց մյուսները հեռացել են: Երկու Ռուբո կար, իրար ընկեր էին, երկուսին էլ ձերբակալեցին ու նաեւ՝ նրանց նման շատերին: Մինչեւ 1996-ի նոյեմբերը ես թաքնված մնացի, մինչեւ այն պահը, երբ պիտի տեղի ունենային Ավանի թաղապետի ընտրությունները: Նոյեմբերի վեցին դուրս եկա ընդհատակից: Եվ ամսի տասին Ավանի բնակչությունը դուրս եկավ ԼՏՊ-ի եւ իր ոհմակի դեմ, եւ ես հաղթեցի ընտրություններում առանց քաղաքական որեւէ կողմնորոշման, առանց քաղաքական որեւէ կուսակցության աջակցության:

ՍՄ- Ավանի բնակչությունը 1996-ին ինչո՞ւ քվեարկեց ձեր օգտին:

ՌՀ- Պիտի նրանց հարցնեք:

ՍՄ- Արդյոք նրա համար, որ դուք «թաղի տղա» էիք:

ՌՀ- Կարծում եք իմ կենսագրությունը, որ պատմեցի ձեզ, ընդամենը «թաղի տղայի՚» կենսագրությո՞ւն է: Դուք ընդամենը դա՞ եք քաղել այդ ամենից:

ՍՄ- Բայց ինձ չի թվում, թե ձեր գործունեությունն առանձնահատուկ կերպով կապված էր Ավան թաղամասի բնակչության հետ, դրա համար էլ հարցնում եմ:

ՌՀ- Մարդիկ գիտեին, թե ես ինչքան եմ տուժել, գիտեին, որ քաղաքական ակտիվ պայքար եմ մղել ԼՏՊ-ի վարչակարգի դեմ: Այդ ժամանակ ամեն մեկը չէ, որ նման համարձակություն ուներ: Ես այն մարդկանցից էի, ովքեր բացահայտորեն անցան ընդդիմության կողմը եւ կանգնեցին Վազգեն Մանուկյանի կողքին:

ՍՄ- Ուզում եք ասել, որ 1996-ին ձեր Ավանի թաղապետ ընտրվելը ԼՏՊ-ի դեմ ժողովրդական քվեարկության արդյո՞ւնք էր:

ՌՀ- Այո, պատկերացրեք՝ ամբողջ պետական մեքենան իմ դեմ էր աշխատում, բայց ես ձայների 85%-ով հաղթեցի ընտրություններում: Այդ պահին մարդիկ ոչ այնքան իմ օգտին էին քվեարկում, որքան՝ ԼՏՊ-ի դեմ:

ՍՄ- Ձեր ասածից պետք է եզրակացնել, որ 1996-ին մարդիկ հնարավորություն ունեին քվեարկությամբ արտահայտելու իրենց դժգոհությունը, այնինչ այսօր դա այլեւս հնարավոր չէ: Չե՞ք կարծում, որ դա մեծ տարբերություն է:

ՌՀ- Չէ, այդպես չէ: Ես համաձայն չեմ ձեր գնահատականին, երբ ասում եք, թե մարդիկ ատում են ներկայիս վարչակարգը: Երբ ժողովուրդն իրոք ատում է իշխանությանը, ոտքի է կանգնում: Ոչ մի իշխանություն չի կարող դիմանալ այդ ատելությանը: Ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել: Դուք նկատի ունեք ընտրակաշառքը, որով շեղում են ընտրությունների ընթացքը: Բայց դուք սխալվում եք: Ոչ մի կաշառք կամ ուրիշ որեւէ միջոց արդյունք չէր տա, եթե ժողովուրդն իրոք ատեր այս իշխանություններին: Պարզապես մարդկանց մի խումբ, նոր տեխնոլոգիաները, համացանցն օգտագործելով, այնպիսի ուղերձներ է տարածում, որոնց նպատակը իշխանությունների դեմ ատելություն սերմանելն է: Ես չեմ ասում, որ այսօրվա իշխանության մեջ ամեն ինչ լավ է: Չէ, շատ վատ բաներ կան: Բայց դա չի նշանակում, թե նրանց հանդեպ ժողովուրդը նույնպիսի ատելություն է զգում, որպիսին ժամանակին զգում էր ԼՏՊ-ի հանդեպ: Համոզված եղեք, չկա: Ու լավ էլ չէ, որ իշխանությունը սիրված լինի բոլորի կողմից: Դա ճահճացման կհանգեցնի: Առողջ ընդդիմությունը, առողջ քննադատությունն անհրաժեշտ են: Ամեն դեպքում մարդկանց մեջ չկա այն ատելությունը, որի մասին խոսում եք: Այո, ընդունում եմ, որ ժողովրդի մի մասն ատում է այս իշխանություններին, բայց ատողները մեծամասնություն չեն:

ՍՄ- Լավ: 1996-1999 թթ-ին դուք Ավանի թաղապետ էիք եւ շարունակում էիք ղեկավարել «Գրանդ Տոբակոն»: 2005-ին դուք հրաժարվում եք ձեր մասնաբաժնից: Կարդացել եմ, թե ձեզ ստիպել են անել դա. իրոք այդպե՞ս է:

ՌՀ- Որտե՞ղ եք կարդացել:

ՍՄ- Արդեն չեմ հիշում: Իրականում ի՞նչ է եղել։

ՌՀ- Ես վաճառեցի իմ բաժնետոմսերը:

ՍՄ- Ինչո՞ւ:

ՌՀ- Տարբեր պատճառներով:

ՍՄ- Նույնիսկ եթե որոշել էիք այլեւս չաշխատել ձեռնարկությունում, ի՞նչն էր ձեզ խանգարում մնալու դրա հիմնական փայատերերից մեկը:

ՌՀ- Հայաստանի իրականությունում … (ծ.լ. Մի պահ, երբ ձայնագրիչն անջատեցի, ՌՀ-ն խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանն է իրեն ստիպել վաճառելու «Գրանդ Տոբակոյի» իր բաժնետոմսերը):

ՍՄ- Ձեր կարծիքով դուք ե՞րբ դարձաք «օլիգարխ»:

ՌՀ- Ես երբեք օլիգարխ չեմ դարձել ու իմիջիայլոց, չգիտեմ էլ, թե «օլիգարխն» ինչ է նշանակում:

ՍՄ- Դուք մտնո՞ւմ եք այն հինգ-տասը ընտանիքների մեջ, որոնց մասին ասում են, թե երկրում ամենահարուստն են եւ իրենց ձեռքում են պահում երկիրը:

ՌՀ- Ես չեմ հասկանում, թե ինչ ընտանիքների մեջ պիտի մտնեի: Ես իմ ընտանիքի մեջ եմ մտնում:

ՍՄ- Լավ: Դուք միլիոնատե՞ր եք, թե՞ ոչ:

ՌՀ- Իհարկե միլիոնատեր եմ:

ՍՄ- Դոլարո՞վ, թե՞ եվրոյով:

ՌՀ- Ենթադրում եմ, թե նաեւ ֆունտ ստեռլինգով: Ինձ լավ լսեք. ընդամենը 1996-ից 2005-ն ընկած ժամանակահատվածում, երբ ես ու Հրանտ Վարդանյանը «Գրանդ Տոբակոյի» սեփականատերն էինք, մենք երկուսով 110 միլիոն դոլարի հարկ ենք վճարել: Իմ մյուս բիզնեսների մասին էլ դեռ չեմ խոսում: Եթե ես այդքան հարկ եմ վճարել, ուրեմն ինքներդ կռահեք, թե ինչքան շահույթ եմ ունեցել… (Ծիծաղում է):

ՍՄ- Ի՞նչն է ավելի շահութաբեր, ֆուտբո՞լը, թե՞ մյուս բիզնեսները:

ՌՀ- (Ծիծաղում է): Ֆուտբոլից ես շահույթ չունեմ: Դա բարեգործություն է: Հայաստանում դեռ ոչ ոք ֆուտբոլից շահույթ չի ստացել, ոչ ես, ոչ ակումբների մյուս տերերը: Ու դեռ մի քանի տարի էսպես է լինելու: Բայց հույս ունեմ, որ ապագայում ֆուտբոլը շահութաբեր կդառնա:

ՍՄ- Անդրադառնանք Ավանի ռեստորան-հյուրանոցին: Թերթերը գրեցին, որ դա ձեր ընտանիքին է պատկանում: Դա ի՞նչ է նշանակում:

ՌՀ- Մինչեւ հիմա երբեւէ չեմ ասել, բայց դա հորս անունով է գրանցված: Դա չի նշանակում, թե ռեստորանն իմը չէ: Դա ընտանիքիս է պատկանում, ինչը չի նշանակում, թե ինձ չի պատկանում, որովհետեւ հորս ունեցվածքը նրանից հետո ինձ կանցնի, ինձանից հետո էլ՝ որդուս:

ՍՄ- Հայրապետյանների ընտանիքը, այսինքն ձեր հայրը ուրիշ ի՞նչ սեփականություն ունի «Հարսնաքար» հյուրանոց-ռեստորանից բացի:

ՌՀ- Հայրս նաեւ ֆերմա ունի Աբովյանի մոտ, որտեղ կով ու ոչխար են պահում: Ֆերմայում կաթ, պանիր, թթվասեր, մածուն են արտադրում:

ՍՄ- Իսկ ձեր հայրն ի՞նչ է անում այդ կաթնամթերքը:

ՌՀ- Վաճառում է:

ՍՄ- Ո՞ւմ:

ՌՀ- Ես ի՞նչ իմանամ: (Ծիծաղում է): Թե կուզեք ճիշտն իմանալ, վերջին անգամ 1993-ին եմ էնտեղ եղել: Պատկերացնո՞ւմ եք, եթե էնտեղ ինչ-որ բան պատահի, էլի կասեն, թե ես եմ մեղավոր:

ՍՄ- Եկեք խոսենք ձեր անվան շուրջ բարձրացած աղմուկների մասին՝ «Բջնիի» պատմությունից սկսած: Ձեզ շատ մեղադրեցին նրա համար, որ գնել էիք 2008-2009 թթ-ին աճուրդի հանված այդ ձեռնարկությունը, որը խլել էին Սուքիասյաններից: Ձեզ վրա ճնշում գործադրե՞լ են, որպեսզի դուք մասնակցեիք աճուրդին:

ՌՀ- Ծիծաղելի է ասել, թե իբր ճնշում է եղել: Ինչպե՞ս կարող եք ճնշման մասին խոսել, երբ ես շատ բարձր գնով եմ գնել այդ ձեռնարկությունը: Դա առեւտրական գործարք էր, որն ինձ հնարավորություն պիտի տար նոր եկամուտ ունենալու:

ՍՄ- Չնեղվեցի՞ք այդ պայմաններում ձեռնարկություն գնելուց:

ՌՀ- Ի՞նչ պայմաններում:

ՍՄ- Դուք շատ լավ գիտեք, թե ինչ պայմաններում:

ՌՀ- Ոչ, անկեղծ ասած, չգիտեմ: Ի՞նչ պայմանների մասին եք խոսում:

ՍՄ- Այդ ձեռնարկությունը խլել էին Սուքիասյաններից:

ՌՀ- Ինչպե՞ս թե: Նման բան չի եղել:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ԼՏՊ-ի օրոք մարդկանց ունեզրկում էին, հետապնդում, հալածում, բայց Քոչարյանից ի վեր բոլորը սո՞ւրբ են:

ՌՀ- Խաչատուր Սուքիասյանի հանդեպ հարկային տույժ էր կիրառվել:

ՍՄ- Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է մարդու նկատմամբ հարկային տույժ կիրառվում:

ՌՀ- Եվ ինչպե՞ս:

ՍՄ- Կարծոմ եք, այդ հարկային տույժը հիմնավորվա՞ծ էր:

ՌՀ- Քանի որ այդ ընկերությունն ինձ բաժին հասավ, ես ուսումնասիրեցի այդ հարցը եւ կարող եմ ձեզ ասել, որ ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել: Եթե համեմատեք Սուքիասյանի եւ իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60%-ին: Ես ձեզ նույնիսկ հրավիրում եմ «Բջնի» գործարան տեսանյութ դիտելու, որում երեւում է, թե գործարանն ինչ վիճակում էր Սուքիասյանի օրոք, թե այսօր ինչ վիճակում է, եւ համեմատել: Կարող եք նաեւ աշխատողների հետ զրուցել:

ՍՄ- Դուք պահե՞լ եք նախկին աշխատողներին:

ՌՀ- Բոլորին: Ծայրից ծայր: Եվ արդիականացրել եմ գործարանը՝ եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

ՍՄ- Արդիականացման հետեւանքով անձնակազմի կրճատում չի՞ եղել:

ՌՀ- Ոչ: Չնայած արտադրական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ եմ ներդրել «Բջնին» օրինակելի գործարան դարձնելու համար, այնուամենայնիվ, ոչ միայն չեմ կրճատել աշխատողների քանակը, այլեւ ավելացրել եմ՝ հասցնելով 380-ի՝ 100 000 դրամ (200 եվրո) միջին աշխատավարձով: Իսկ Աշխատողների 99%-ը տեղացիներ են, այսինքն՝ չարենցավանցիներ:

ՍՄ- Խոսենք երկրորդ աղմկոտ պատմության մասին, որը կապված էր 2009-ին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանելու հետ:

ՌՀ- Դա սխալ էր, թյուրիմացություն էր, որի պատճառը հապճեպ, առանց նախնական քննարկման կայացված որոշումն էր: Ես որոշել էի, որ լոգոյի վրա գնդակ պիտի լինի: Բայց չէի հետաքրքրվել, թե գնդակը որտեղ են դնելու, վերեւո՞ւմ, ներքեւո՞ւմ, թե՞ հենց լոգոյի մեջտեղում:

ՍՄ- Իսկ ինչո՞ւ որոշեցիք լոգոն փոխել:

ՌՀ- Ես լոգոն չեմ փոխել: Այն ժամանակ մարզաշապիկի վրա նկարված էր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի լոգոն, այնինչ, ըստ օրենքի, հավաքականը պիտի իր սեփական լոգոն ունենա: Այսինքն խնդիրը լոգոն փոխելը չէր, այլ՝ նոր լոգո ստեղծելը: Այդ հանգամանքներում է, որ մենք թույլ տվեցինք այդ սխալը, որի համար բոլորից ներողություն եմ խնդրում: Կարծում եմ, որ ֆուտբոլի ոլորտում դա իմ թույլ տված միակ սխալն է:

ՍՄ- Ուրեմն չգտնվե՞ց գեթ մեկը, որը ձեզ խորհուրդ տար, զգուշացներ, որ սխալ բան եք անում: Դուք այդքան միանձնյա՞ եք ղեկավարում ամեն ինչ:

ՌՀ- Ուրեմն լսեք, մինչեւ հիմա լռում էի, բայց հիմա արդեն կխոսեմ: Իրոք, այն, ինչ ինձ է պատկանում, ես մենակ եմ կառավարում՝ դրա ենթադրած բոլոր ռիսկերով հանդերձ: Բայց ես ընդունում եմ այդ պատասխանատվությունը: Իսկ ինձ չպատկանող բաների վերաբերյալ միշտ կարծիք եմ հարցնում: Լոգոյի հարցում հենց այդպես եղավ: Ես դիմեցի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանին, որ նրա կարծիքն իմանայի: Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա: Այո, մինչեւ հիմա ոչինչ չեմ ասել, բայց իրականում այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահն է ինձ խորհուրդ տվել գնդակը լոգոյի մեջտեղում դնել: Ես սխալվել եմ եւ ընդունում եմ իմ սխալը: Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան իմ սեփականությունը չէ: Դա երկրին, ազգին է պատկանում: Նման ընդհանրական հարցերի վերաբերյալ ազգի, ժողովրդի, հասարակության կարծիքն ինձ համար շատ կարեւոր է: Կրկնում եմ, լոգոյի հարցում ես դիմել էի Տիգրան Թորոսյանին՝ Ազգային ժողովի նախագահին:

ՍՄ- Բայց ինչո՞ւ նրան: Նա ի՞նչ կապ ուներ ֆուտբոլի հետ:

ՌՀ- Ազգային ժողովն է օրենքներ ընդունում:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ազգային հավաքականի մարզաշապիկի լոգոյի հարցն օրենքո ո՞վ է կարգավորվում:

ՌՀ- Ազգային ժողովն է ընդունել զինանշանի մասին օրենքը: Դրա համար էլ զանգահարեցի Ազգային ժողովի նախագահին ու նրանից խորհուրդ հարցրեցի, թե արդյոք, ինչպես ռուսական լոգոյում է, իրավունք ունեմ գոյություն ունեցող լոգոյի տակ գնդակ դնելու: Նա ասաց, որ ինձ հետ կզանգի: Իրոք զանգեց եւ ասաց, որ կարող եմ մեջտեղում դնել:

ՍՄ- Գնդակը մեջտեղում դնելը նշանակում էր, որ Արարատի պատկերը պիտի հանվի: Նա գիտե՞ր դա:

ՌՀ- Կարող եմ հավաստել, որ չգիտեր: Այո, ասում եմ, ես համարում եմ, որ սխալ եմ թույլ տվել: Բայց դա ճակատագրական սխալ չէ, թե չէ պիտի գնանք բոլորով կախվենք Արարատից:

ՍՄ- Ինձ լավ հասկացեք, իմ մտահոգությունն այն է, որ մենեջմենտի խնդիր կա: Որոշում կայացնող ամեն ոք, ինչպիսին էլ լինի նրա ոլորտը, տնտեսական, քաղաքական կամ՝ ուրիշ, պիտի մեկ կամ մի քանի խորհրդատու ունենա, որոնք ի վիճակի լինեն նրան ասելու, որ սխալվում է:

ՌՀ- Տեսեք, ես ազգային հավաքականի համար նոր ավտոբուս եմ գնել, իր մարզաշապիկի գույներով եւ այս ու այս հատկանիշներով: Ինձ բերեցին ավտոբուսը, ես ուսումնասիրեցի: Բայց մի բան կար, որը ցանկացա հանել, որովհետեւ ինձ դուր չէր գալիս: Ա.Մ.-ն ինձ ասաց, որ իրավացի եմ, ֆեդերացիայի տնօրենը՝ եւս: Ուզում եմ ասել, որ մենք քննարկում ենք հարցերը: Ճիշտ է, իմ մականունը «Նեմեց» է, բայց ես ինձ Հիտլերի պես չեմ պահում: Ցանկացած հարց, որն իմ իրազեկության շրջանակից եւ մասնագիտական ոլորտից դուրս է, քննարկման է դրվում:

ՍՄ- Անդրադառնանք «Երեք օլիգարխները ընդդեմ Հայկական ժամանակի» գործին: Արժե՞ր այդպես պատասխանել 2010-ի հոտեմբերի 14-ին լույս տեսած հոդվածին, նույնիսկ եթե կարելի է ընդունել, որ լրագրողները սխալներ են թույլ տվել: Չե՞ք կարծում, որ զրպարտության համար թերթից 7,5 միլիոն դրամի, այն է՝ մոտ 14 000 եվրոյի հատուցում պահանջելը անհամաչափ միջոց էր:

ՌՀ- Ես ձեզ հետ համաձայն չեմ: Դուք կոնկրետ իմ մասի՞ն եք խոսում:

ՍՄ- Ձեր երեքի մասին:

ՌՀ- Իմ մասին խոսենք, եթե դեմ չեք:

ՍՄ- Բայց դուք միասին էիք:

ՌՀ- Իհարկե միասին էինք:

ՍՄ- Ի՞նչ է նշանակում աստղաբաշխական գումարներ պահանջել թերթից, երբ բոլորս գիտենք, թե տպագիր մամուլն ինչ վիճակում է: Ինձ բացատրեք ձեր տրամաբանությունը:

ՌՀ- Դուք մասնագիտությամբ լրագրող եւ պատմաբան եք, ճի՞շտ է: Ուրեմն թույլ տվեք ձեր հարցին հարցով պատասխանել: Իմ մասին շատ վատ բաներ են գրում: Դուք հավատո՞ւմ եք, որ ես թմրադեղի առեւտրով եմ զբաղվում:

ՍՄ- Ես չգիտեմ, բայց իմ հարցը դրան չէր վերաբերում:

ՌՀ- Մի րոպե. ես կանանց ու զենքի առեւտր ո՞վ եմ զբաղվում: Ես այդ մարդուն (ծ.լ., Նիկոլ Փաշինյանին) գրեցի, որ հերքում տպագրի, որովհետեւ այդ ամենը սուտ է: Նա հրաժարվեց՝ ասելով, թե այդ տեղեկությունն ընդամենը վերցրել է ուրիշ աղբյուրից:

ՍՄ- Այո, Ռուսաստանի հայերի ազգային միաբանության ակումբի նախագահ ոմն Սմբատ Կարախանյանից:

ՌՀ- Ուրեմն թող այդ մարդուց հերքում պահանջեր: Ես չգիտեմ, թե այդ աղբյուրն ինչ էր գրել: Իրականում նման մարդ չկա, դա իրենց գործակալն է: Նման բան գոյություն չունի: Այդ հոդվածից մոտ երկու ամիս առաջ, այդ նույն թերթը տեղեկություն էր տպագրել, թե իբր ծեծել եմ ոստիկանապետին: Ես թերթին գրեցի, որ դա սուտ է, որ իրենք ինձ ուղղակի վարկաբեկում են, եւ պահանջեցի հերքում տպագրել: Նա հրաժարվեց: Ես էլ դատարան դիմեցի: Ես ձեզ ազնվորեն պատմում եմ այդ ամենը: Դուք ինքներդ դատեք: Ես թերթին դատի տվեցի՝ շատ մեծ՝ առավելագույն գումարը պահանջելով: Բայց դատարանում թերթի ներկայացուցիչն ինձ հաշտություն առաջարկեց: Ես ասացի, որ իմ հայցադիմումը հետ կվերցնեմ, եթե թերթն առաջին էջում երկու տող հերքում տպի: Նա համաձայնեց, եւ ես վերջ դրեցի դատական ընթացքին: Բայց ՀԺ-ն չկատարեց իր խոստումը եւ հերքում չտպագրեց: Ոչ միայն հերքում չտպագրեց, այլեւ շարունակեց նույն ոգով: Հիմա դուք տեղյակ եք երկու պատմություններին: Այդ մարդը (ծ.լ., Նիկոլ Փաշինյան) ինձ վրա հնարավոր ու անհնարին ինչ կեղտ ասես, լցնում է առավոտից մինչեւ երեկո: Ասացեք խնդրեմ, ես ի՞նչ պիտի անեմ:

ՍՄ- Ձեր ասած այդ առաջին դեպքի վերաբերյալ ապացույցներ ունե՞ք:

ՌՀ- Ես դատական բոլոր փաստաթղթերն ունեմ, կարող եմ ձեզ ցույց տալ:

ՍՄ- Ուզում եք ասել, որ այս նախադեպից ելնելով՝ որոշեցիք օրաթերթի դեմ խիստ միջոցներ ձեռք առնել, որպեսզի նրան դա՞ս լիներ:

ՌՀ- Ես ձեզ հարց տամ. եթե մտածում եք, որ ես այդպես չպիտի վարվեի, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անեի:

ՍՄ- Դատարան դիմել, ինչպես որ արել եք, բայց ընդամենը մեկ դրամի խորհրդանշական հատուցում պահանջել:

ՌՀ- Նրանք կվճարեին այդ խորհրդանշական մեկ դրամն ու հաջորդ օրվանից կվերսկսեին նույն բանը:

ՍՄ- «Երեք օլիգարխները ընդդեմ ՀԺ-ի» գործից հետո դուք փոփոխություն նկատե՞լ եք:

ՌՀ- Իհարկե, այդ դատավարությունից հետո նրանք իմ մասին էլ ոչ մի սուտ չեն գրել, չհաշված վերջերս նորից սկսել են (ծ.լ. նկատի ունի «Հարսնաքարի»-ից հետո):

ՍՄ- Ձեր ստացած փողն ի՞նչ արեցիք:

ՌՀ- Երեւանի մոտերքում գտնվող Խարբերդի մանկատանն եմ հանձնել: Ես գումարը կրկնապատկեցի, եւ դրանով կարողացան կաթսայատուն կառուցել: Թող Նիկոլ Փաշինյանից մի օգուտ լինի այս երկրին, ժողովրդին: Թույլ տվեք մի բան ավելացնել. ձեզ մոտ ուրիշ է, լրագրողները հարգում են մասնագիտական էթիկայի կանոնները:

ՍՄ- Ոչ միշտ…

ՌՀ- Ձեզ մոտ չեն հարձակվում մարդու անձնական կյանքի վրա եւ մարդուն անպատիժ չեն վիրավորում: Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում էստեղ: Միայն նրա համար, որ ես Լեւոնի կողմից չեմ, իմ մասին ամեն տեսակ բամբասանքներ են տարածում: Ձեզ մի բան ասեմ. ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից, որոնք գրում են իմ մասին: Անդրանիկ Քոչարյանի (ծ.լ., Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ եւ մինչեւ վերջերս Կոնգրեսի վարչության անդամ) հանդեպ ընկերությունից դրդված՝ շատ հարցերում օգնել եմ նրանց: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի թերթը փակել էին, ես մի տարի իրեն փող եմ տվել, որ թերթ պահի, չնայած երբեք չեմ ասել դա: Ինչ վերաբերում է Շողեր Մաթեւոսյանին, ինչպե՞ս կբացատրեք այն, որ նա «Շոպար» (Chopard) ֆիրմայի ականջօղեր է վերցնում մի մարդուց ու հարձակվում է մեկ ուրիշի վրա՝ պատվերով, դա ազնի՞վ է: Այդ մարդիկ իմ թշնամին դարձան, երբ 2007-2008 թթ հրաժարվեցի աջակցել ԼՏՊ-ին ու ֆինանսավորել նրա ընտրարշավը՝ մի բան, որ ոչ մի դեպքում չէի անի: Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ: Անկասկած դրա համար եմ ես «մեղավոր» ու «հանցագործ»: Եվ անկասկած դա է պատճառը, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց էջերում ինձ վրա ամեն տեսակ կեղտ լցնելու: Իսկ հիմա անմեղ դիակ են գցում ինձ վրա, առանց իրենք իրենց հարցնելու՝ արդյոք դա արդարացի՞ է: Ես ոչ այդտեղ էի, ոչ էլ տեղյակ էի դրանից, ոչ մի բան: Ինչո՞ւ են անմեղ դիակը գցում ինձ վրա:

ՍՄ- Շատ լավ, եկեք « Հարսնաքարից » խոսենք: Շատ հարցեր են առաջ գալիս: Նախ եւ առաջ, դուք եղե՞լ եք այնտեղ, թե՞ ոչ:

ՌՀ- Իհարկե ոչ: Այժմ ես վերանորոգում եմ տունս ու ընտանիքիս հետ այստեղ եմ ապրում:

ՍՄ- Որտե՞ղ՝ «այստեղ»:

ՌՀ- Ֆուտբոլի ակադեմիայում, հյուրանոցում … որովհետեւ տունս վերանորոգման մեջ է (ծ.լ. Ֆուտբոլի ակադեմիան հյուրանոց-ռեստորանից մի քանի տասնյակ մետրի վրա է):

ՍՄ- Այսինքն դեպքի վայրից մի քանի մետր այն կո՞ղմ:

ՌՀ- Մի քանի մետր, տասը մետր, հարյուր հիսուն մետր: Ես էնտեղ չեմ եղել, ես տեղյակ չեմ եղել:

ՍՄ- Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը հարցաքննե՞լ է ձեզ:

ՌՀ- Իհարկե, ինձ երկու անգամ հարցաքննել են:

ՍՄ- Որպես ի՞նչ: Որպես վկա՞: Ո՞րն էր ձեր կարգավիճակը:

ՌՀ- Ես վկա չեմ: Ինչպե՞ս կարող էի վկա լինել, եթե տեղում չեմ եղել:

ՍՄ- Այսինքն դուք ոչ վկա եք, ոչ կասկածյա՞լ: Ոչ մի բա՞ն: Ուրեմն դատի ընթացքում դուք ստիպված չե՞ք լինի դատարան ներկայանալ:

ՌՀ- Չգիտեմ: Ես դատավոր չեմ: Դատավորը կարող է որոշել ինձ հրավիրել դատարան: Ես ի՞նչ իմանամ:

ՍՄ- Ասում եք՝ երկու անգամ հարցաքննվել եք: Դա պաշտոնակա՞ն էր, թե՞ ոչ:

ՌՀ- Իհարկե պաշտոնական էր:

ՍՄ- Այսինքն ձեր հարցաքննությունների արձանագրությունները կցվե՞լ են դատական գործին:

ՌՀ- Այո, իհարկե:

ՍՄ- Ձեր թիկնապահները…

ՌՀ- Ես թիկնապահ չունեմ: Նրանք իմ թիկնապահները չեն:

ՍՄ- Դուք թիկնապահ չունե՞ք:

ՌՀ- Իհարկե ոչ:

ՍՄ- Ինչպե՞ս թե: Դա անհնար է:

ՌՀ- Ինչո՞ւ է անհնար:

ՍՄ- Որովհետեւ բոլորը թիկնապահ ունեն:

ՌՀ- Դուք ո՞ւմ եք ճանաչում:

ՍՄ- Գուցե նրանք ոչ թե «թիկնապահ» պետք է կոչվեն, այլ ուրիշ անունո՞վ:

ՌՀ- Ես ընկերներ ունեմ, որոնք ուղեկցում են ինձ: Իմ աշխատողները միշտ ինձ հետ են:

ՍՄ- Ճշմարտությունն ասեք:

ՌՀ- Ես ճիշտ եմ ասում:

ՍՄ- Այսինքն նրանք ձեր ընկերներն են:

ՌՀ- Այո, իմ մտերիմները, հարազատները, աշխատողները: Նրանք միշտ ինձ հետ են:

ՍՄ- Եթե ճիշտ հասկացա, ձեզ ուղեկցող այդ մարդիկ աշխատանք չունեն, եթե անընդհատ ձեզ հետ են: Սիրով ու թարմ օդո՞վ են ապրում:

ՌՀ- Օրինակ, նա… (ծ.լ., ՌՀ-ն ցույց է տալիս մեր սեղանից քիչ հեռու նստած չորս տղամարդկանցից մեկին) ամսական 20 000-ից 30 000 դոլար է աշխատում: Ես նրան ինչքա՞ն փող պիտի տամ, որ նա որպես թիկնապահ աշխատի ինձ համար: Ինչքա՞ն:

ՍՄ- Կարճ ասած, պնդում եք, թե թիկնապահ չունեք:

ՌՀ- Իհարկե չունեմ: Ես աշխատողներ ունեմ կամ բարեկամներ, որոնք միշտ ինձ հետ են:

ՍՄ- Եվ նրանք այնպիսի եկամուտ ունեն, որ կարող են ամբողջ օրը ձեր կողքին լինել:

ՌՀ- Իհարկե: Ինձ չե՞ք հավատում: Սովորաբար ես չեմ խաբում, ճիշտն եմ ասում: Եվ ասում եմ՝ ոչ մի թիկնապահ չունեմ:

ՍՄ- Անցնենք առաջ:

ՌՀ- Եթե օգնականս արտասահմանում ուղեկցում է ինձ, նա իմ թիկնապա՞հն է:

ՍՄ- Իհարկե ոչ:

ՌՀ- Ցավդ տանեմ, սովորաբար ինձ երկու օգնական է ուղեկցում, մեկը՝ աղջիկ, մյուսը՝ տղա: Ընդամենը երկու հոգի:

ՍՄ- Թույլ տվեք ասել, որ ինձ տարօրինակ է թվում այն, որ ձեզ հինգ մեքենա է ուղեկցում, որոնցում ոչ թե ձեր թիկնապահներն են, ինչը հասկանալի կլիներ, այլ ընդամենը՝ ձեր ընկերները:

ՌՀ- Ֆրանսիայում եղբայրը եղբորը չի այցելում առանց նախապես պայմանավորվելու, ճի՞շտ է, թե չէ: Այո, Ֆրանսիայում առանց զգուշացնելու չեն այցելում իրար: Բայց էստեղ ես կարող եմ ձեզ ինձ հետ տանել հորս ընկերների տուն, կնոջս էլ վերցնել ու գնալ նրանց տանը ճաշելու: Ճիշտ եք ասում, ձեզ մոտ նման բաներ չկան: Ես չեմ կարող ձեզ ապացուցել ասածս: Դուք եկել եք այնպիսի երկրից, որտեղ մարդիկ ուրիշ ապրելակերպ ունեն: Մեզ մոտ էլ ուրիշ է: Ես չեմ կարող մենակ նստել ու ճաշել, անկեղծ եմ ասում: Ես չեմ կարող ընդամենը կնոջս ու աղջկաս հետ սեղան նստել: Պիտի մեր կողքին ամենաքիչը հինգ-վեց հոգի լինի:

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք ԱՅՍՏԵՂ