Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը  սեպտեմբերի 13-ին քննարկվելու է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի մարդու իրվաունքների հանձնաժողովում, NEWS.am-ին տեղեկացրեցին Եվրախորհրդանից:

Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեքը NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի ադրբեջանական իշխանությունները հետ վերցնեն հերոսի կոչումը Սաֆարովից, ինչպես նաեւ ազատազրկեն վերջինիս:

Ըստ Լունաչեքի՝ Հունգարիայի խորհրդարանն ու կառավարությունը պետք է ամեն դեպքում գրավոր բացատրագիր պահանջեն ադրբեջանական իշխանություններից, թե ինչու է Բաքուն դրժել իր տված խոստումը, բացի այդ խնդիրը բարձրացնել  Եվրախորհրդարանի առաջ:

«Հունգարիայի կառավարությունն այս հարցում սխալ է թույլ տվել՝ հավատալով ադրբեջանական խոստումներին: Ադրբեջանի իշխանություններն ու նախագահ Իլհամ Ալիեւն են պատասխանատվություն կրում տարածաշրջանում ներկայիս լարվածության համար: Բացի այդ Ալիեւը գործում է ընդդեմ եվրոպական արժեքների՝ մարդասպան Սաֆարովին հերոսացնելով ու զինվորական կոչումը բարձրացնելով»,-նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը: