Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հունվարի 13-ին իր հավատարմագիրն է հանձնել Նիդեռլանդների թագուհի Բեատրիսին, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհագենի մասնակցությամբ:

Զրուցակիցներն արծարծել են տարածաշրջանային եւ երկկողմ խնդիրներ ընդգրկող հարցերի լայն շրջանակ:

Հավատարմագրի հանձնման արարողությանը հաջորդել է ընդունելություն Նիդեռլանդների հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների համար:

Նույն օրը Հայաստանի դեսպանն այցելել է Նիդեռլանդների ԱԳՆ, որտեղ կայացել են հանդիպումներ Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի ու MATRA ծրագրի դեպարտամենտի տնօրեն Կասպար Վելդկամպի (Caspar Veldkamp), Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարությունների դեսպան, հատուկ ներկայացուցիչ Օննո Հատինգա վան’թ Սանտի (Onno Hattinga van’t Sant), Քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. դե Գրոոտի (R.E. de Groot) հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը: