«Մենք դիմել ենք դատարան՝ պահանջելով վերադարձնել Լյուդմիլա Սարգսյանի մոտ գտնվող, սակայն իրականում մեզ պատկանող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կնիքը»,- հունվարի 15-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը։
Նշելով, որ իրենք այդ կերպ են վարվել, հիմք ունենալով Լ. Սարգսյանի՝ կուսակցության վարչության անդամ չլինելու փաստը, Վ. Շիրխանյանն ավելացրեց, որ նրա կողմից հունվարի 9-ին հրավիրված համագումարն ապօրինի է եղել։
Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում համագումարին մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն, իմիջիայլոց, ճանաչում է Լ. Սարգսյանի ատենապետությունը, Վ. Շիրխանյանը նկատեց, որ քաղաքական այդ ուժն ավելի լավ կաներ զբաղվեր իր գործերով. «Քաղաքական այլ ուժերի՝ մասնավորապես ՀԱԿ-ի ազդեցությունը եւ միջամտութունը մեր ներկուսակցական խնդիրներին միայն խանգարում են դրանց լուծմանը, եւ ՀԱԿ-ն էլ լավ կաներ զբաղվեր, օրինակ, Նիկոլ Փաշինյանին սատարելով»:
Եզրափակելով՝ նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ համահնչակյան վարչությունը որպես կուսակցության ատենապետ ընդունում եւ ճանաչում է Գեւորգ Պերկուպերկյանին։




























