1918-ից, երբ Ադրբեջանը հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, այդ երկրում հայերի ցեղասպանություն է սկսվել։ Այս մասին Բաքվի ջարդերի 20 ամյակի առիթով հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
«Իսկ այն, ինչ Ադրբեջանում տեղի ունեցավ 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին, այլ կերպ, քան ցեղասպանություն, չի կարելի որակել։ Ես Ադրբեջանը „ցեղասպանածին“ պետություն եմ համարում, այսինքն՝ այլ ազգերի ցեղասպանած լինելու շնորհիվ կազմավորված պետություն»,- հայտարարել է նա։ Նա նաեւ ընդգծել է, որ երբ Սդրբեջանում հաշվեհարդար տեսան կենդանի հայերի հետ, սկսեցին ավերել հայկական գերեզմանոցները։ «Հիշեցնեմ, որ այսօր լրանում է Ջուղայի գերեզմանատան ավերման հնգամյակը»։ Պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աչք փակի Ադրբեջանի գազանությունների վրա. «Մեր լռությունը առիթ է տալիս Ադրբեջանին՝ միջազգային հանրության առջեւ մաքուր հանդես գալու»,- ասել է նա։
Լ. Ալավերդյանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը միատարր երկիր դառնալու հետեւողական քաղաքականություն է վարել եւ դրա համար պարբերաբար ոչնչացրել է ոչ միայն հայերին, այլ նաեւ ռուսների, ուկրաինացիների, հրեաների, լեզգիների եւ քրդերի։ «Ինչպես տեսնում եք, ադրբեջանցիներն այլազգիներին կոտորել են ոչ թե կրոնական համոզմունքներից դրդված, այլ զուտ ազգայնական դրդապատճառներից ելնելով, քանի որ ուզում էին իրականացնել „պանթյուրքիզմի“ գաղափարը։ Ադրբեջանը հանցանք է գործել ոչ միայն հայերի, այլ նաեւ ամբողջ մարդկության դեմ, եւ մենք չպետք է լռենք, քանի որ լռությամբ նոր ցեղասպանությունների տեղիք կարող ենք տալ»,- հայտարարել է նա։




























