17 տարեկանում ամուսնացած Մարինեն (անունը փոխված է), երբ բացահայտել է ամուսնու սիրուհու առկայությունը, ամուսինը գիշերով տանից դուրս է հանել նրան` չտալով երեխաներին: Գիշերը դրսում անցկացնելուց հետո Մարինեն փորձ է կատարել մոր օգնությամբ վերադառնալ տուն եւ վերցնել զավակներին, սակայն ամուսինը դիմադրել է եւ ծեծել կնոջը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարինեն:
Նրա խոսքով, իր ամուսինը 17 տարեկանում փախցրել է իրեն հակառակ իր կամքի եւ համատեղ կյանքի 6 տարիների ընթացքում ունեցել են 2 զավակ: Մարինեն համակերպվել է իր ճակատագրին եւ ամուսնու համար եղել հոգատար, հանդուրժող, յուրաքանչյուր հարցում օգնող կին: Իսկ ամուսինը, Մարինեի պատմելով, իր նկատմամբ եղել է կոպիտ, անտարբեր, ենթարկել հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների, արգելել է շփվել հարազատների, հարեւանների հետ, իր քմահաճությամբ թույլ տվել տանից դուրս գալ, անհիմն խանդի տեսարաններ ստեղծել, անպատվել, նսեմացրել կնոջ արժանապատվությունը, ծեծի ենթարկել չնչին առիթի դեպքում, հղի վիճակում հարկադրաբար ծանր ֆիզիկական աշխատանքի մղել եւ այլն: Հերթական ծեծի արդյունքում որդին ծնվել է 6 ամսական, եւ նրա կյանքը հազիվ է հնարավոր եղել փրկել:
«Իսկ երբ բացահայտեցի, որ սիրուհի ունի, նա ինձ վռնդեց տանից, երբ փորձեցի վերադառնալ եւ երեխաներիս վերցնեմ, նա ծեծեց ինձ եւ դուրս հանեց», ավելացրեց Մարինեն:
Մարինեն դիմել է Իջեւանի ոստիկանության բաժանմունք, տեսուչի օգնությամբ վերցրել երեխաներին, տեղափոխվել հայրական տուն եւ, հայտնվելով անելանելի իրավիճակում, դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ ստացել իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն: Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:





























