Հայաստանում տեղի կունենա առաջին հայ-ռուսական համատեղ առաջին գիտա-զբոսաշրջային գիտարշավը: Արշավը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը: Նրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչները, երիտասարդներ:
Գիտարշավը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին եւ ուղղված է Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ճանապարհների որոնմանը, Ռուսաստանից զբոսաշրջիկների քանակի ավելացմանը, հետագայում նաեւ` ԱՊՀ այլ երկրներում:
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը հայտնել է, որ գիտարշավի մասնակիցները կճանապարհորդեն ավտոբուսներով եւ կքայլեն մոտ 1600 կմ տարածք` Հայաստանի հյուսիսից մինչեւ հարավային սահմաններ, գիշերակացը տեղի կունենա վրաններում:
Նրա խոսքով, ներկայումս օգտագործվում է երկրի զբոսաշրջային հնարավարությունների 30 տոկոսը եւ գիտարշավը նպատակ ունի օգնել բարձրացնել այս ցուցանիշը: «Հայաստանը զբոսաշրջային Կլոնդայկ է, ընդ որում ամենամեծ արժեքը այստեղ մարդկանց հյուրընկալությունն է»,- նշել է Մինասյանը` ընդգծելով ՌԴ-ի հետ միացյալ զբոսաշրջային տարածք ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կդառնա խոշոր Եվրասիական միության սկիզբը:




























