Հայաստանում կանցկացվի «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում» զբոսաշրջային միջազգային համաժողովը: Նախարարական մակարդակով համաժողովը Երևանում կկայանա հոկտեմբերի 18-19-ը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:
Համաժողովը կեզրափակվի Երեւանյան հռչակագրով, որն ըստ Արա Պետրոսյանի, կլինի աննախադեպ փաստ: Նրա խոսքով` համաժողովի նպատակն է ուշադրություն հրավիրել մշակութային հուշարձանների պահպանման, միջմշակութային երկխոսության եւ զբոսաշրջության հարցերին: Արա Պետրոսյանը հավելել է, որ համաժողովը կազմակերպել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը, իսկ դրա անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարի կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի Հայաստան կատարած այցի ժամանակ:
«Շատ երկրներ ջանում են հասնել իրենց տարածքում նման համաժողովի անցկացմանը, սակայն բոլորին դա չի հաջողվում», - նշել է փոխնախարարը: Ըստ նրա` մասնակցության համար Երեւան կժամանի կազմակերպության պատվիրակությունը` գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, միջազգային բազմաթիվ փորձագետներ, պատվիրակություններ ՌԴ-ից, Չեխիայից, Ռումինիայից, Վրաստանից, Ղազախստանից, այլ երկրներից: Սպասվում է առնվազն 100 պատվիրակների մասնակցություն:
Համաժողովին զուգահեռ, Երեւանում տեղի կունենա ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը:





























