Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 28-ին սկսել է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների բողոքի քննությունը:
Դատական նիստում ելույթ են ունեցել ակտիվիստների փաստաբանները` Ստեփան Ոսկանյանն ու Վահե Գրիգորյանը, որոնք նշել են, թե մեղադրանքը չի համապատասխանում արարքին, իսկ դատարանը վճիռ կայացրել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Նրանք նաեւ արձանագրել են, որ երիտասարդներին հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար:
Վերաքննիչ դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքվել, որոնք պաստառներով պահանջում էին ազատ արձակել երիտասարդներին:
Լսելով պաշտպանական կողմին` դատարանը նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 11-ը, երբ իր հակափաստարկներն է ներկայացնելու մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:




























