Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված հայ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի արձանը, որը օրերս վնասել էին, տեղափոխվել է վերականգնման: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Արձանի հեղինակը խոստացել է անել առավելագույնը, որ արագ եւ որակով այն վերականգնվի եւ վերադարձվի իր տեղը»,- հայտնեցին քաղաքապետարանից` դժվարանալով նշել, թե քանի օրից արձանը կվերադարձվի:

Հարցին, թե այդ արձանի մոտ տեսախցիկներ չկան տեղադրված, որոնք ֆիքսած կլինեին վանդալիզմ անողներին, նրանք պատասխանեցին, որ կա քաղաքապետի հանձնարարական եւ տեսախցիկներ տեղադրելու աշխատանքը պրոցեսի մեջ է, բայց դեռ չէին հասցրել այդտեղ տեսախցիկ տեղադրել: Թե երբ կավարտվի այն, հստակ օր չեն կարող նշել, բայց տեսախցիկներ կտեղադրվեն այն տարածքներում, որտեղ կա քաղաքային մշակույթի նոր ներդրումը:

«Տեսախցիկ կա Շառլ Ազնավուրի հրապարակում, բայց, ցավոք,այդ տեսախցիկի դաշտը չէր ընդգրկում արձանը»,- հատնեցին քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված հայ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի արձանը  հինգշաբթի վանդալների զոհն է դարձել: Այլանդակված արձանի լուսանկարները տարածվել են «Facebook» սոցիալական ցանցում: Արձանի տակառիկի կոտրման հետևանքով երեկ մեծ աղմուկ էր բարձրացել։

Հարեւանությամբ գտնվող թե Եղիշե Չարենցի եւ  թե Մհեր Մկրտչյանի արձանները պատրաստված են կավից` մարդկային չափերով եւ պատված են բրոնզով: Հեղինակ Սուրեն Մելքոնյանի մտահղացմամբ` Չարենցն ու Մկրտչյանը  «նստած են» սովորական երեւանյան նստարանի վրա: