Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 15-ին մասնակցել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը: Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության թիմը, երկրորդը եղել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտակները, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմերը:

Շնորհավորելով հաղթողներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհավորում ենք հաղթողներին` ֆինանսների նախարարության թիմին, եւ մաղթում ենք նորագույն հաջողություններ: Կարծում եմ, որ այս ինտելեկտուալ խաղում հաղթանակը պիտի ոգեւորի ֆինանսների նախարարության ամբողջ կոլեկտիվին, որովհետեւ ձեր աշխատանքն ինքնին ինտելեկտուալ է: Սա ազդակ է մեր հասարակությանը, որ մեր ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների. կան ինտելեկտուալներ, որոնք կգտնեն լավագույն լուծումները ճգնաժամային իրավիճակներում, երբ պետք են ոչ ստանդարտ լուծումներ, հնարամտություն: Իհարկե, դա մեզ ոգեւորում է»: