«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադարձել է աղետի գոտում կառուցվող բնակարանների ցածր որակին:

«Դեռեւս շինարարության ընթացքում գյումրեցի անօթեւան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակի մասին: Եվ խոսքը ամենեւին հարդարման աշխատանքների որակի մասին չէ: Անշուշտ, կառուցվող բնակարանների ամրության վերաբերյալ անօթեւանների մտահոգությունը բացատրելի է, քանզի 1988-ի երկրաշարժի հիշողությունները դեռեւս թարմ են:

Մեր կազմակերպությունը 2009 թ. դեկտեմբերի 1-ից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է „Աղետի գոտու անօթեւանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի պայմանագրերի եւ հերթացուցակների հանրային մոնիթորինգ“ ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում մեր հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվեցին, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն „Գլենդել Հիլզի“ շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից: Ցավալի է նաեւ այն փաստը, որ մինչեւ օրս որեւէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել եւ հասարակությանը պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար»,-նշում է նամակի հեղինակն ու հավելում.

«Ուստի դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր միջամտությունը` ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհրապարակի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաեւ աղետի գոտում գործող ԶԼՄ-ների, ՀԿ-ների եւ անօթեւան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի փարատել առանց այդ էլ մեծ վիշտ եւ զրկանքներ կրած անօթեւանների վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը եւ եզրակացությունների հրապարակումը նաեւ վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքը օգտագործվի որպես հարմար առիթ՝ բնակարանային շինարարությունը Գյումրիում դադարեցնելու համար»: