Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ, քաղաքական մեծ սխալ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին,լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը: «Չգիտեմ ով է կազմակերպել, ինչի համար եւ չեմ էլ ասում, որ Վարդանը սխալ է կամ ճիշտ, բայց դա քաղաքական մեծ սխալ է»,- նշեց նա:
Նրա խոսքով` ծիծաղելի է, երբ «լուրջ դեմքով ձյաձյաները» նստում են եւ որոշում` զրկեն Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, թե ոչ եւ ամենեւին հաշվի չեն առնում, թե դա որքանով կազդի Հայաստանի միջազգային վարկի վրա: Արման Նավասարդյանը նշեց, որ սա ներքին գործ է, որը արդեն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, եւ հայ դիվանագետները պետք է հաշվի նստեն, որ այս պատմությունից հետո դեռ դրսում պետք է աշխատեն:
ԱԳ նախկին փոխնախարարը կանխատեսեց, որ այս դեպքից հետո արտերկրում աշխատող հայ դիվանագետների նկատմամբ համապատասխան վերաբերմունք եւ կարծիք կձեւավորվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը այսօր` հոկտեմբերի 8-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Իսկ մինչ այդ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը: Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՅԴ, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցություններն ընդհանրապես հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի անդամ է Վարդան Օսկանյանը, ցուցադրաբար լքել էր դահլիճը` մինչ այդ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























