Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթեւեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթեւեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին:  Այն սկիզբ է առնում Օղակաձեւ զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից եւ շարունակվում է մինչեւ Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե անվտանգ երթեւեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ եւ 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է  մայթեզրյա հատվածում:

«Փորձնական այս ծրագրով կյանքի է կոչվում նաեւ դեռ 2005 թվականին կառավարության կողմից ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների վերաբերյալ ծրագրի հաստատված որոշումը, որով նախատեսվում էր մշակել հետիոտն եւ հեծանվային երթեւեկության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Հեծանվորդների համար երթեւեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում եւ վերջնամասում կահավորվել են նաեւ հեծանվային կայանատեղեր:

«Հեծնվային սպորտի զարգացումն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության ներքո են: Երեւանի զարգացման ծրագրերի շրջանակում` քաղաքապետը մշտապես ողջունում է երիտասարդության կողմից հետաքրքիր մտահղացումներն ու առաջարկությունները` հետագայում, հնարավորության դեպքում,  դրանք կյանքի կոչելու նպատակով»,-նշել է Հենրիկ Նավասարդյանն ու հավելել, որ հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝  հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար` մասնակիցները նկատել են, որ, երիտասարդների կողմից ներկայացվող հետաքրքիր գաղափարներն ու առաջարկները քաղաքապետի կողմից  հավանության արժանանալով, միշտ կյանքի են կոչվում եւ հույս են հայտնել, որ հետագայում ծրագիրն էլ ավելի կընդլայնվի եւ կընդգրկի նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներ: