Այսօր` հունվարի 19-ին, վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն ու անդամները հարգանքի տուրք են մատուցել 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում հայերի դեմ իրականացված եւ Ցեղասպանությանը հատուկ գործողությունների հետեւանքով զոհված հարյուրավոր հայրենակիցների հիշատակին:

20-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքարի մոտ տերունական աղոթքից ու ծաղիկներ դնելուց հետո «Ժառանգություն» կուսակցության անունից շնորհակալական նամակ է փոխանցվել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատուն: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի բարեկամներ, 20 տարի է անցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից: Ահասարսուռ այդ օրերին սպանդից մազապուրծ հազարավոր հայեր, լաստանավերով հատելով Կասպից ծովը, իրենց առաջին ապաստանը գտան Թուրքմենստանում, ուր պետական մարմինները եւ թուրքմեն ժողովուրդը գործադրեցին հնարավոր բոլոր ջանքերը փախստականներին մարդասիրական օգնության սահմաններում ընդունելու եւ տեղավորելու ուղղությամբ:

Շուրջ երկու դար է, ինչ Թուրքմենստանը հյուրընկալում է հայերին: Այսօր էլ արեւաշատ եւ հինավուրց Ձեր երկիրը հազարավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Իսկ հայ-թուրքմենական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն: Վստահաբար, մեր հարաբերությունները կարող են եւ պետք է խորացվեն, այդ թվում` միջազգային ատյաններում` ի բարօրություն երկու ժողովուրդների: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչներս վերստին արձանագրում ենք, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Թուրքմենստանին եւ նրա ժողովրդին այն անկեղծ եղբայրական օգնության համար, որը ցուցաբերվեց 1990-ի հունվարի` հայության համար ծանր օրերին, եւ միշտ հիշելու է իր հանդեպ դրսեւորված բարի կամքն ու մարդասիրությունը` սերունդներին փոխանցելով այդ հիշողությունը»: Հաղորդում է «Ժառանգության» լրատվական ծառայությունը: