Արդեն 8-րդ տարին Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թ-ի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը»:
«Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794 թ-ի հոկտեմբերից մինչեւ 1796 թ-ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: «Ազդարարում» առեւտրական, տնտեսական եւ քաղաքական նորություններից բացի տպագրվել են նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատություններ:
Օրվա խորհրդի կապակցությամբ` Հայաստանի կառավարությունը 2004 թ-ի ապրիլի 22-ին սահմանել է «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում ենք մասնագիտական օրվա կապակցությամբ:



























