Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը չի առաջադրվի Ավանն ու Նոր Նորքի մի հատվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ մասին Հակոբյանը հայտնել է այսօր` հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը (ֆոտոռեպորտաժ):

Ըստ մարքսիստի` իր կուսակցության 9909 անդամները պլենումի նիստում ոչ նպատակահարմար են գտել իր առաջադրումը:

«Ավանի ընտրատարածքում առաջադրվելը մեր կուսակցությունը աննպատակահարմար գտավ: Սա, կարծում եմ, ողջամիտ  որոշում է: Ժողովուրդը իշխանություն է վաճառում, քաղաքական գործիչներն էլ իշխանություն են առնում: Մենք այնտեղ գաղափարական պայքարի արենա չենք տեսնում, եւ այդ ընտրատարածքը տալիս  ենք Տարոնին՝ իր թիմի հետ: Այդ ասպարեզը չարչիների, քաղաքական գործամոլների ասպարեզ է»,- ազդարարել է Հակոբյանը:

Նշենք, որ այսօր` ժամը 18-ին ավարտվում է առաջադրումների վերջնաժամկետը: Ավանում այս պահի դրությամբ առաջադրվել են «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ական, Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի