Հայաստանի Կենտրոնական բանկը հունվարի 20-ին կայացած նիստում որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.5 տոկոս:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. դեկտեմբերին՝ նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով: ԿԲ խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո՝ արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը եւս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:

Խորհուրդը գտել է, որ գնաճի նշված միտումների շարունակման եւ տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաեւ կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարեւորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: