30-ամյա Գեւորգ Մկրտչյանն ահազանգում է, որ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները հոկտեմբերի 8-ին իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչ 30-ամյա Գեւորգ Մկրտչյանը: Նրա պատմելով, հոկտեմբերի 8-ին երեկոյան, ժամը 17.30-ի սահմաններում անձնական օգտագործման BMW մակնիշի մեքենայով Արամուս գյուղից մոտավորապես  300-400 կգ գազար բերելիս է եղել, երբ ծեծի է ենթարկվել: «Էջմիածնում հրապարակ հասնելուն պես տեսա, որ ժողովուրդը հավաքվել է եւ երթեւեկելի մասն անցանելի էր: Տեսա, որ ժողովուրդ կա, արագությունս դանդաղեցրեցի մինչեւ 5 կմ/ժամի: Քաղաքապետարանի աշխատակիցն ասաց. «Ո՞ւր ես գնում, կանգնի բան եմ ասում: Կանգնեցրեցի ու այդ պահին ինքը խփեց գլխիս: Հետո չորս հոգով սկսեցին ինձ ծեծել: Ընդհանուր 4 հոգով սկսեցին գլխիս խփել»,-պատմեց Գեւորգը եւ ավելացեց, որ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել, հետաքննություն է  ընթանում եւ սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

«Քաղաքապետարանի աշխատակիցներից Արմենը, ով ծեծի մասնակից էր, ներողություն խնդրեց ինձանից, բայց դա իմ համար քիչ է: Ես պահանջում եմ, որ մյուս ծեծողներն էլ հայտնաբերվեն: Թող ցույց տան տեսնեմ ովքեր են եղել եւ օրենքի առաջ պատասխան տան»,- նշեց Գեւորգը:

NEWS.am-ը դիմեց նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժին, որտեղից ասացին, որ քաղաքի տոնի ժամանակ նա վարել է ժողովրդի ուղղությամբ: «Ժողովուրդն էլ նրան մեքենայից դուրս է հանել եւ ծեծել: Ավելին` քաղաքապետարանի աշխատակիցը տեսել է, որ նրան ծեծում են եւ ժողովրդի ձեռքից քաշել են, որ չշարունակեն ծեծը: Տարել նստացրել են մեքենան եւ ասել՝ գնա տուն, սակայն նա գումար է պահանջել: Ձայնագրություն կա, որ այդ տղան ասել է, որ 5 հարյուր հազար դրամ տվեք, որ չգնամ ոստիկանությանը բողոքեմ»,- ավելացրեցին քաղաքապետարանից:

Ի դեպ, ավելի ուշ զանգահարեց Գեւորգ Մկրտչյանը եւ խնդրեց ավելացնել, որ պահանջում է, որ ոչ միայն իրեն ծեծողները հայտնաբերվեն եւ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկվեն, այլեւ իրեն 500 հազար դրամ փոխհատուցում տան, քանի որ ծեծի արդյունքում աչքը վնասվել է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Գեւորգ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2011թ-ին գեներալ Սեդրակ Սարոյանի բարեկամը` Աբել Հովսեփյանը Երեւան-Էջմիածնին ավտոճանապարհի Զվարթնոցի հատվածում իրեն միջին ծանրության մարմնական վնասվածք է պատճառել: «Մի փոքր ուշացումով ճանապարհ տվեցի աչքս արյունլվա արեց: Սակայն դատաքննությունից հետո 3500 դոլար տվեցին, որպես բուժման ծախսերի հատուցում: Հետագայում վրեժխնդրության նպատակով փորձեցին բռնաբարության գործ սարքել իմ վրա, բայց դատապարտվեցին 6 տարվա փոխարեն 2 տարվա եւ համաներմամբ ազատ արձակվեցին»,- նշել էր  Գեւորգ Մկրտչյանը եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում եւս  2.5 միլիոն գումար պահանջել:

Նշենք նաեւ, որ Աբել Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չէր հերքել վթարի փաստը, սակայն բացառել էր իրեն վերագրվող մյուս մեղադրանքները, հավաստիացնելով, որ այդկերպ Գեւորգ Մկրտչյանը ցանկանում է իրենցից շարունակաբար գումար կորզել: