Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր ունի հավատալու եւ հավատացնելու հայ հասարակությանը՝ ընտրությունների վերաբերյալ իր ցանկությունների անկեղծությունը: Նման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ Հ1 հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, որին մասնակցում էին Եվրամիության անդամ-պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, Սերժ Սարգսյանը հայտարարեց.

• առաջիկայում անցկացնելու է ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ,

• բարեփոխումների մշակված համապարփակ ծրագրի արդյունքում իրականացնելու է արդյունավետ կառավարում,

• նպատակներն իրականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է շոշափելի ֆինանսական աջակցության տրամադրում:

Մեր հասարակությունը շուրջ 20 տարի է  գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից, հատկապես առաջին դեմքերից, լսում է ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին: Սակայն ականատեսն է լինում այն իրողության, որ տարիների ընթացքում ուղղակի փոփոխության են ենթարկվում ոչ ազատ, ոչ արդար, ոչ  թափանցիք  ընտրություններ  անցկացնելու գործիքները եւ դրանց կիրառման մեխանիզմները: Այո, հնարավորինս նվազել են քվեարկության օրը բուն ընտրատեղամասում մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու հնարավորությունները, բայց փոխարենը կիրառվում են այլ տեսակի գործիքներ, որոնցից են.

• ընտրողներին կաշառելը,

• շուրջ 600 հազար ընտրողների քանակի արհեստական ավելացումը,

•  վարչական ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների ապօրինի օգտագործումը,

• ընտրական գործընթացներում քաղաքական նպատակով իրավապահ մարմինների եւ բանակի ներգրավումը,

• Սերժ Սարգսյանի եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոնների ստանձնումը,

• Բուհերի ուսումնական խորհուրդների կուսակցականացումը,

• Հանրակրթական համակարգի կուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում,

• Սերժ Սարգսյանի  կուսակցական գործունեությանը  նախագահական նստավայրում,

• Պետական բյուջեի հատկացումները Հանրապետական կուսակցությանը` օրենքով չնախատեսված ծրագրերի իրականացման համար, 

• Լրատվամիջոցների ոչ հավասար հնարավորության ապահովումը կուսակցությունների համար,

• Կուսակցական  բարեգործությունը,

• Եկեղեցու քաղաքական նպատակներով օգտագործումը կամ, ընդհանրապես, եկեղեցու քաղաքականացումը,

• Մեծամասնական ընտրակարգի  կիրառումը,

• Փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման բացակայությունը,

• Քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակման արգելումը,

• Քվեարկության օրը Հայստանից դուրս գտվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը,

• Օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, անպատժելիության խրախուսումը:

Պարոն Սերժ Սարգսյան առաջինը Դուք խնդիր ունեք հավատալու եւ հավատացնելու հայ հասարակությունը Ձեր ցանկությունների անկեղծությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն  հրաժարվել վերը թվարկված գործիքներից, ինչի մասին բազմիցս հորդորել է «Ժառանգությունը» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am