36-ամյա Արտեմ Գ-ն 2 տարի շարունակ կնոջը պահել է ստրկուհու կարգավիճակում եւ ծեծ ու ջարդի միջոցով ստիպել, որ նա սեռական հարաբերություններ ունենա այլ տղամարդկանց հետ: Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

36-ամյա Ա. Գ-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010թ. հոկտեմբերին խաբեությամբ ամուսնանալու պատրվակով ծանոթացել է Ա. Ղ-ի հետ, ապա, չարաշահելով իր նկատմամբ վերջինիս զգացմունքները, սկզբում հոգեբանական, իսկ հետագայում արդեն նաեւ ֆիզիկական հարկադրանք կիրառելու եղանակով խոշտանգելով, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այդպիսիք գործադրելու սպառնալիքներով պահել է ստրկության մեջ ստիպելով, որ Ա.Ղ-ն սեռական հարաբերություններ ունենա, այլ տղամարդկանց հետ: Ա.Ղ-ն նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել, «Հաղթանակի» կամրջից ցած նետվելու միջոցով մինչեւ, որ 2012թ-ին Ա.Գ-ը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել  նաեւ այն բանի համար, որ  նա 2 տարի շարունակ Երեւան քաղաքում, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության եւ բացահայտ Հափշտակելու եղանակներով, ինչպես նաեւ՝ շորթմամբ, մի շարք քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող խոշոր եւ զգալի չափերի գույքը, (գույքի եւ մատուցած ծառայության դիմաց խաբեությամբ նրանց վճարել է գունավոր բազմացնող տպիչ սարքի միջոցով տպագրված, վճարման միջոց չհանդիսացող, «Բիլետ բանկա պրիկոլով» գրառմամբ, ՌԴ 1.000 եւ 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամներով, որով նրանց պատճառել է զգալի չափերի գույքային վնաս։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել  132 հոդվածի2-րդ մասի 4-րդ կետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի  2, 4 կետերով, 177 հոդվածի  2 մասի      2-րդ կետով, 178  հոդվածի  2-րդ մասի  1-ին կետով, 178 հոդվածի  2 –րդ մասի 2-րդ կետով, 178  հոդվածի  1-ին մասով:Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական հերթական քննությունը նշանակվել է նոյեմբերի 6-ին: