Հոկտեմբերի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետեւանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին եւ ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհված պետական այրերի եւ Հունգարիայում վայրագորեն սպանված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայոց կյանքի համար:

Վեհափառ Հայրապետը նաեւ Սուրբ Հոգու մխիթարությունը հայցեց Գուրգեն Մարգարյանի եւ զոհված հայոց պետական այրերի ընտանիքների համար` աղոթելով, որ Աստված Իր շնորհները հեղի նրանց կյանքի մեջ եւ նրանք զոհված հարազատների տեսիլքով իրենց կյանքն արդյունավորեն հայրենիքի շինության ու պայծառության համար: