Թբիլիսիի պետական համալսարանի Իվանե Ջավախիշվիլիի անվան սրահում, հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով:
Նույն օրն առավոտյան, գիտաժողովի մասնակցության նպատակով, Վրաստանում գտնվող Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հյուրերին ողջունել են Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, հոգեւոր դասի, հայ համայնքի եւ դեսպանության ներկայացուցիչները: ԵՊՀ ռեկտորը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվել է ոգեկոչման արարողություն:
Նախքան գիտաժողովի անցկացումը ՀՀ դեսպանի մասնակցությամբ կարճատեւ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԹՊՀ ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլիի եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջեւ: Հանդիպման մասնակիցները հակիրճ հարցազրույցներ են տվել լրատվամիջոցներին:
Վերջին տարիներին երկու երկրների միջեւ կայացած թվով երրորդ նմանատիպ գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դարեջան Թվալթվալձեն եւ պրոֆեսոր Զազա Ալեկսիձեն:
Միջնադարի հայ խոշորագույն աշուղ-բանաստեղծին նվիրված զեկույցներ են ընթերցել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԹՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի թղթակից անդամ պրոֆեսոր (դոցենտ) Նամադի Բարթաիան, Շոթա Ռուսթավելիի անվան Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Զոյա Ցխիդաիան:





























