Այսօր հինգ հոգի մեղադրվում են Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ, սակայն քանի որ ինքնասպանություն չի եղել, հետեւաբար նրանք այդ հոդվածով չեն կարող մեղադրվել, ուստի անհրաժեշտ է նոր գործ հարուցել՝ սպանության հատկանիշներով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւս շեշտեց, որ Արտակ Նազարյանին սպանել են եւ կեղծ հանցավոր նախաքննության արդյունքում  կատարվածը համարվել է որպես ինքնասպանություն: Նրա խոսքով` դեպքի վայրում մեկ պարկուճ է հայտնաբերվել, որը ոչնչացվել եւ մեկ այլ պարկուճ է դրվել: Դրանից բացի, նախաքննությունն ապացուցված է համարել, որ Արտակ Նազարյանը հենակետ բարձրանալուց 120 փամփուշտ է ստացել,  դեպքից հետո 120  փափուշտները եղել են տեղում, այսինքն՝  հենց իրենց ապացույցներով Արտակ Նազարյանը չէր կարող կրակել իր վրա եւ ինքնասպան լինել: Արտակ Նազարյանի զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Ապացուցված է համարվել նաեւ, որ Արտակ Նազարյանին մահից առաջ ծեծել եւ խոշտանգել են; Նրա գնահատմամբ` տեղի է  ունեցել համակարգային հանցագործություն, եւ եթե այս պահին բացահայտվի հանցագործությունը, 20-30 իրավական համակարգի պաշտոնյաներ պետք է կրեն քրեական պատասխանատվություն.

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ նշեց, որ սա պետության՝ բանակի նկատմամբ իրականացվող քաղաքականությունն է, առաջնորդվում են՝ բանակի մասին կամ լավ կամ ոչինչ սկզբունքով եւ փորձ է արվում բանակում տեղի ունեցող սպանությունները որպես դժբախտ պատահականություն,կամ ինքնասպանություն որակել:  Նրա խոսքով` դատական  հոգեբան Էլդա Գրինը պետք է  քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի որ բանակում տեղի ունեցած բոլոր դեպքերի վերաբերյալ ինքնասպանություն գործելու եզրակացություն է տալիս:

Հիշեցնենք, որ սպա Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ Նազարյանը սպանվել է, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավորը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է, իսկ մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:

Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: