Մի քանի ամիս առաջ պայթեցվեց եւ հողին հավասարեցվեց Երեւանի կրկեսի շենքը: Նոր շենքը պետք է բացվի 2014 թվականի հոկտեմբերին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեր թղթակիցը երեկ հետաքրքրվել է, թե որտեղ են այս ընթացքում ապրում կրկեսի կենդանիները, որտեղ են պարապմունքներն անցկացնում արտիստները: Ըստ կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի` դերասաններն ու կենդանիները մեկնել են հյուրախաղերի, եւ մինչեւ նոր շենքի բացումը հյուրախաղերը կշարունակվեն: Այստեղ են մնացել միայն մի քանի ձի, որոնք այժմ Դավթաշենի ձիարշավարանում են: «Կրկեսին կից ստուդիան գործում է նախկին Առեւտրի տանը, որտեղ տարածք ենք վարձակալել»,- ասել է Սոս Պետրոսյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























