Կառավարության ներկայացրած` ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը կարդալիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի բյուջե է: Այդ առումով` չեմ կարող 2013-ի բյուջեին այլ անուն տալ, քան կոնսերվացման բյուջեն է: «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2013 թվականի բյուջեի նախագիծը բնորոշելու խնդրանքին ի պատասխան:

«Կոնսերվացիա տերմինն արդյունաբերության մեջ օգտագործում են օբյեկտների փակման գործընթացի կապակցությամբ: Փակվող օբյեկտները կոնսերվացնում են, որպեսզի նրանց գոյության կտրուկ ընդհատումը զգալի հետեւանքներ չունենա, եւ փակումը ոչ թե կտրուկ իրադարձություն, այլ սահուն գործընթաց դառնա: Ակնհայտ է, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վարչակազմը շարունակում է Հայաստանը փակելու գործընթացը եւ այստեղ Հայաստանը շատ պարզ ընտրություն ունի. կամ` ժողովուրդը կփակի քոչարյանասերժական կառավարման ամոթալի էջը, կամ` Մարտի 1-ի արյամբ կապված այդ խմբավորումը կփակի Հայաստանը: Ուրիշ տարբերակ չկա»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։