Հայաստանի նախագահն այցելել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Արտաշատի եւ Երեւանի ծայրամասում գտնվող վաղբրոնզեդարյան Շենգավիթ բնակավայրի պեղումների վայրեր (ֆոտոռեպորտաժ): Պետության ղեկավարը հետաքրքրվել է պեղումների ընթացքի մասին, զրուցել գիտաշխատողների հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Ժորես Խաչատրյանը, Արտաշես արքայի թագավորանիստ մայրաքաղաքում, որը ներկայիս Արտաշատից 15 կմ հեռու է գտնվում, պեղումները վերսկսվել են 2003 թվականից: Մայրաքաղաքը տեղակայված է եղել Արաքս գետի ափին` Թուրքիայի հետ ներկայիս սահմանային գոտում:
«Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ապոլոնի տաճարը, որն Արտաշեսը կառուցել է մ.թ. ա. 2-րդ դարում: Տաճարն Արտաշեսի կապիտալ շինություններից է`կառուցված անկախության եւ Հայաստանը հզոր թագավորության վերածելու ժամանակաշրջանում: Տաճարի մոտ հայտնաբերվել են հանրային բաղնիքներ`10 սենյակներով: Իսկ բաղնիքների առկայությունը ապացույցն է այն բանի, թե Արտաշեսը ինչ նշանակություն էր ցանկանում հաղորդել քաղաքին»,- նշել է գիտնականը: Հելլենիստական աստվածության տաճարը վկայում է Արտաշեսի կատարած հունա-հռոմեական ոճի բարեփոխումների մասին: «Մ.թ. I առաջին դարում տաճարը վերակառուցվել է` հռոմեացի Կորբուլոն զորավարի կողմից հրդեհվելուց հետո: Տաճարի վերակառուցման համար Տրդատ I արքան 4-5 տոննա սեւ մարմար է օգտագործել: Տաճարի ճակատային հատվածը 22 մ է եղել, երկարությունը`31մ: Կարող եք պատկերացնել մեզ համար դրա ունեցած մշակութային արժեքը», – հավելել է Խաչատրյանը:
Շենգավիթում նախագահը ծանոթացել է 2000 թվականից անցկացվող պեղումների ընթացքին: Հնագիտական խումբը մշակութային նշանակության կառույցներ է հայտնաբերել: Հնագետներն արդեն 5 մետրանոց փոս են փորել մշակութային հինգ շերտերի շերտագրության համար. հնագույն բնակավայրը բազմիցս վերակառուցվել է, եւ գտածոների ճիշտ թվագրումը մեծ նշանակություն ունի:
«Հատկանշելի է, որ արդեն ուշ քարի դարում հանդիպում ենք փողոց հասկացությանը` որպես ընտանեկան միավորումների բաժանարար գիծ: Տների կողքին նաեւ տարբեր կերտվածքներ կան` ցեղային միավորումների հուշակոթողներ»,- նշել է Ժորես Խաչատրյանը:
Նշենք, 2012թ. Հայաստանում 53 հնավայրերի հնագիտական հետազոտությունների թույլտվություն էր տրվել` քարի դարից սկսած մինչեւ ուշ միջնադար: Դրանցից 15-ն առաջին անգամ են ուսումնասիրվում: Հատկապես տպավորիչ արդյունքներ են ստացվել վաղբրոնզեդարյան Վերին Նավեր գերեզմանոցի, Արտաշատ քաղաքի, ամրոց-բերդ Ազատանի, քարի դարի Ազոխի քարանձավի, նեոլիթյան Հանքաշեն եւ Մասիս բնակավայրերի պեղումներից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























