Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տոսպ» ընկերություն կատարած այցի ընթացքում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել արտադրողներին մտահագող հարցերն ու արդյունաբերության առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ բացահայտել այն կարեւոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանի արդյունաբերական ներուժի ամբողջական իրացմանը»:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրենց բարձրացրած խնդիրներին մեծ ուշադրություն ցուցաբերելու համար եւ նշել, որ նախորդ հանդիպումներում ներկայացված շատ հարցեր ստացել են դրական լուծումներ: «Մեր համագործակցության կարեւորագույն ձեռքբերումն ենք համարում կառավարության ընդունած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը: Ուրախ ենք, որ այդ քաղաքականության արդյունքներն արդեն նկատելի են դառնում»,- ասել է Սաֆարյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝  ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13 տոկոսի աճ: Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին այն կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետեւողական իրականացման արդյունք է»,- նկատել է միության նախագահը: 

Սաֆարյանի խոսքով՝ էական աճ է արձանագրվել նաեւ կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաեւ դեղերի արտադրության եւ արտահանման բնագավառներում, համապատասխանաբար 1,4 եւ 3,6 տոկոսներով: 

Այս ոլորտների հետագա զարգացման համար կարեւորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաեւ դեղարտադրության  բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:

Այնուհետեւ, միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես,  առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ եւ ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչեւ երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը եւ տեղական արտադրության զարգացմանը:

Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013 թվականի բյուջեում Կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաեւ հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը: Առաջարկվել է նաեւ մինչեւ 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից եւ ավելորդ քաշքշուկներից:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ: Վարչապետի խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում եւ նմանատիպ ռեժիմների սահմանումը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ թեթեւ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող «Տոսպ» ընկերության գործունեությանը: Խորհրդային տարիներին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդը հանդիսացող «Տոսպ»-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց եւ մանկական հագուստի տարբեր տեսակներ (շապիկներ, գիշերանոցներ, ներքնազգեստներ եւ զգեստներ):

Ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, Ամերիկա, ԱՊՀ երկրներ: Թեեւ ներկայում այն հիմնականում իրացվում է ներքին շուկայում, այդուհանդերձ, 2012 թվականին ընկերության արտադրանքի մոտ 20 տոկոսն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն եւ Սլովենիա: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 տոկոսով' կազմելով 39,1 մլն դրամ:

Ընկերությունը, որտեղ ներկայում աշխատում է 155 մարդ, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է բարձր տեմպերով` թողարկելով, համապատասխանաբար, 27,7 եւ 43,2 մլն դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արտադրանքի ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 54 եւ 56 տոկոս: