Կարեւորելով մեր ազգային ինքնության արժեքները` Հայ գրատպության  500-ամյակի  եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ծրագրի շրջանակներում  Հայկական գրադարանային ասոցիացիան, Երաժշտագիտական եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում են «Երաժշտությունը եւ երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը` նվիրված Սայաթ-Նովայի 300- ամյակին:

Հատկանշական է, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 18-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտոր եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն ընդգրկել է հռչակավոր մարդկանց եւ տարվա  կարեւորագույն իրադարձությունների  իր  ցանկում: «Երաժշտությունը եւ երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը  կանցկացվի նոյեմբերի 1-3-ը ՝Երեւանում,Խնկո Ապոր  անվան գրադարանում:

Գիտաժողովը  նպատակ ունի հասարակությանը վերադարձնել իր հոգեւոր արմատներին, նպաստել  երաժշտական գրադարանների զարգացմանը, ազգային  երաժշտության դերի բարձրացմանն ու երաժշտական արժեքների  հանրահռչակմանը,հայ երաժշտական մշակույթի քարոզչությանը, ինչպես նաեւ  նոր սերնդի ստեղծագործական ներուժի  բացահայտմանը: Միջազգային երեւանյան հավաքին  մասնակցում   են  տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ,հայտնի  արվեստագետներ  ու մտավորականներ:

Գիտաժողովի բացման  առիթով համաժողովի մասնակիցներին կողջունեն  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն  ու IAML պրեզիդենտ Ռոջեր Ֆլուրը: Գիտաժողովի  աշխատանքային օրակարգում կանցկացվեն «Երաժշտական գրադարանները թվայնացվող  աշխարհում. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» եւ «Երաժշտական գրադարանների ազգային ցանցի ստեղծում» թեմաներով  մասնագիտական   քննարկումներ/բանախոսներ  Մայքլ Ֆինգերհաթ ՝Բիբլիոմուս, Ֆրանսիա եւ  Մասսիմո  Ջենթիլի-Տեդեսկի ՝ Միլանի ազգային գրադարան, Իտալիա:

Համաժողովի ընթացքում կանցկացվեն նաեւ Սայաթ-Նովային եւ նրա  ստեղծագործական ժառանգությանը նվիրված մի շարք միջոցառումներ: «Սայաթ-Նովան` Կովկասի Մոցարտ.թարգմանական արվեստի նրբությունները» թեմայով դասախոսությամբ  հանդես կգա  ավստրիացի գրող,հայագետ եւ  թարգմանիչ Հերբերտ Մաուրերը,ինչպես նաեւ Փարաջանով թանգարանում կանցկացվի «Սայաթ-Նովան Փարաջանովի հայացքով» միջոցառումը,իսկ Վիեննայի ջազ-տրիոն՝ Քրիստոֆ Չեխի գլխավորությամբ կներկայանա   Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումնեըից բաղկացած համերգային ծրագրով: