22-ամյա Բ.Շ-ին սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Ն.Ա-ի հետ, ինչի հետեւանքով անչափահասը հղիացել է: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը  իրենց մոտ է ստացվել այսօր` նոյեմբերի 1-ին եւ առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Ազգությամբ եզդի 22-ամյա Բ.Շ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փոխադարձ համաձայնությամբ փաստացի ամուսնացել է  16  տարին չլրացած Ն. Ա-ի հետ: Համատեղ ամուսնության ընթացքում Բ. Շ-ը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Ն. Ա-ի հետ, որի հետեւանքով վերջինս հղիացել է:

Այսինքն` Բ. Շ-ը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 141 հոդվածով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը  2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալը: