Պաշտպանի 116 թեժ գծին երեկ` նոյեմբերի 2-ին, ժամը 11:30-ի սահմաններում ահազանգել է Արմեն Խալոյանը եւ հայտնել, որ իրեն ոստիկանները խաբեությամբ հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ պահում են այնտեղ:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության բաժին եւ պարզել, որ Արմեն Խալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առանձնազրույց են ունեցել Խալոյանի հետ: Վերջինս նրանց հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի, նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ եւ նրան մի քանի անգամ ապտակել են:
Խալոյանը նաեւ հայտնել է, որ ունի բուժգնության եւ սննդի կարիք, սակայն երկուսն էլ իրեն չեն տրամադրում: Ոստիկանությունում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսից. նա կարողացել է Պաշտպանի 116 թեժ գծին զանգահարել` օգտվելով սենյակում ոստիկանների բացակայությունից:
Վերոգրայլի կապակցությամբ Խալոյանը դիմում է ուղղել Պաշտպանին եւ խնդրել նրա միջամտությունը իր իրավունքների վերականգման հարցում:





























