Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի 2013թ-ի նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, ապա «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը դուրս կգա Հայ ազգային կոնգրեսի կազմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ ավելացրեց, որ այդ հարցը քննարկվել է Հայրենիք ու պատիվ կուսակցության քաղխորհրդում:
«Դա հենց այնպես առաստաղից վերցված հարց չէ: Երկրում ծանր իրավիճակ է ստեղծվել եւ նախագահական ընտրույթուններից առաջ շոուներ են սկսել: Այստեղ պետք է ուժեղ, մարդ, քաղաքական գործիչ, որը կարող է լինել լրջագույն քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանին եւ մենք կարծում ենք, որ այդ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- հիմնավորեց Գառնիկ Մարգարյանը եւ ավելացրեց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ուրեմն Սերժ Սարգսյանը ընտրված է:
Հարցին, թե ՀԱԿ-ից իր քայլին շատերը կհետեւեն, թե ոչ ասաց, որ ինքը մյուսների փոխարեն չի կարող պատասխան տալ: «Առանց այն էլ կոնգրեսը դե ֆակտո է գործում, իսկ դե յուրե չկա, որովհետեւ հռչակագիրը սպառել է իրեն: Իսկ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չառաջադրվեց, իրեն փոխարինող առաջիկա տարիների ընթացքում ես չեմ տեսնում»,- ավելացրեց Գառնիկ Մարգարյանը:





























