NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած վրաերթի մասին: 4 երիտասարդներին վրաերթի ենթարկողը «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 18-ամյա Նորայր Հովակիմյանն է: Նա սովորում է Երեւանի պետական համալսարանում` քարտեզագրություն եւ կադաստրային գործ մասնագիտությամբ, 1-ին կուրսի ուսանող է: Մեր տեղեկություններով` Նորայր Հովակիմյանը «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն  Հովհաննես Հովակիմյանի եղբոր` Վալենտին Հովակիմյանի որդին է:

Նրա կողմից վրաերթի ենթարկված եւ թիվ 1 համալսարանական կլինիկա տեղափոխված 20-ամյա Հասմիկ Դարբինյանի առողջական վիճակը կայուն է:  Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ աղջիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց արդեն վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ: Նա ուղեղի թեթեւ ցնցում է տարել, ունի թոքերի թույլ սալջարդ:

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Անուշ Եսայանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նեյրավիրաբուժության բաժանմունք: Նրա վիճակը եւս կայուն է, նրա մոտ եւս առկա է սալջարդ եւ ցնցում:

Վրաերթի ենթարկված մյուս երկու անձինք 20 տարեկան երիտասարդներ են` Ագրարային համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Շավարշ Մաճկալյան եւ Մանկավարժական համալսարանի ուսանող Հովիկ Ոսկանյան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց նոյեմբերի 5-ին, ժամը 20:50-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել:  Թումանյան փողոցում «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի` 18-20 տարեկան երկու աղջկա, ովքեր հոսպիտալացվել են: