Գեղարքունիքի մարզում կինն առանց ամուսնու թույլտվության մասնակցել է քրոջ աղջկա հարսանիքին, սիսկ հարսանիքից ժամը 19.00-ի սահմաններում տուն վերադառնալուց հետո ամուսինը պատճառաբանել է, թե ուշ է վերադարձել եւ ծեծի է ենթարկել նրան: Դրանից հետո կինը մկնդեղ խմելով ինքնասպանության փորձ է կատարել: Հարուցված քրեական գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի նյութերի համաձայն, Մ. Մ.-ն շուրջ 13 տարի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով 2011թ. դեկտեմբերի 7-ին անուղղակի դիտավորությամբ եւ անզգուշությամբ իր կնոջը` Ա. Դ.-ին հասցրել է ինքնասպանության փորձի:

Նրանք համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Ամուսնության սկզբնական շրջանում ընտանեկան կյանքը եղել է նորմալ, ապրել են հաշտ ու համերաշխ, սակայն հետագայում կյանքի մասին ունենալով տարբեր պատկերացումներ եւ սկզբունքներ, չեն կարողացել պահպանել ընտանեկան համերաշխությունը:

2011թ. գարնանը, հերթական վիճաբանության ժամանակ ամուսինը կասկածելով կնոջն անհավատարմության մեջ, ջարդել է վերջինիս հեռախոսը, գցել վառարանը եւ ծեծի ենթարկել նրան: Վիճաբանությունից հետո կինը հեռացել է հայրական տուն եւ ցանկացել է ամուսնալուծության հայց ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մ. Մ.-ն, իմանալով այդ մասին, գնացել է Ա. Դ.-ի հայրական տուն եւ խնդրել, որ նա վերադառնա եւ շարունակեն համատեղ ապրել:

2011թ. դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ա. Դ.-ի քրոջ դստեր հարսանիքը, որին հրավիրված է եղել նաեւ նրանց ընտանիքը, սակայն Մ. Մ.-ն չի ցանկացել մասնակցել հարսանեկան արարողությանը եւ կնոջը նույնպես արգելել է մասնակցել հարսանիքին: Ժամը 13-ի սահմաններում Ա. Դ.-ի եղբայրը տաքսի է ուղարկել քրոջ հետեւից, որպեսզի վերջինս գա հարսանիքի: Այդ մասին Ա. Դ.-ը հեռախոսով տեղեկացրել է ամուսնուն, սակայն ամուսինն արգելել է կնոջը հարսանիք գնալ:

Այդուհանդերձ, կինը գնացել է հարսանիք, որտեղից վերադարձել է ժամը 19-ի սահմաններում: Կնոջ ուշ վերադառնալը մեկ անգամ եւս դժգոհություն է առաջացրել ամուսնու մոտ, որի պատճառով վիճաբանել են եւ ամուսինը ծեծի է ենթարկել նրան: Նրանց լարված հարաբերությունները շարունակվել են մինչեւ 2011թ.-ի դեկտեմբերի 7-ը, երբ Ա. Դ.-ն մտածելով, որ այդ վիճակով իր ապրելն անիմաստ է, չի կարողանում դիմանալ ամուսնու կողմից իր անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելուն` իր որդուց գրիչ եւ թուղթ է խնդրել եւ գրել հետեւյալ գրությունը. «Մամ ջան, եղբայր ջան, կներեք ինձ, որ այսպես եղավ, էլ չեմ կարող պայքարել: Մենակ շատ եմ խնդրում, որ ինձ չթողնեք այստեղ, շատ եմ խնդրում, ես բոլորիցդ շատ շնորհակալ եմ օգնության համար, ես էլ չեմ անհանգստացնի ձեզ: Ես որ հարսանիքից եկա, ինձ ծեծեց շատ, բայց ես ձեզ չանհանգստացրի. Ձեզ սիրող Անիից»:

Այնուհետեւ կինն իրենց ավտոտնակից վերցրել է մկնդեղ /ցինկի ֆոսֆիդ/ մի մասը լցրել է եփած սուրճի մեջ եւ խմել, իսկ մի մասը պահել գրպանում, որպեսզի եթե օգտագործածն արդյունք չտա, մյուս մասն էլ օգտագործի: Որդին հասկանալով, որ մայրն ինքնասպանություն է ցանկանում գործել, այդ մասին հեռախոսով հայտնել է տատիկին: Վերջինս դստեր ինքնասպանության մտադրության մասին հայտնել է որդուն, ով իր քեռու որդու ավտոմեքենայով, գնացել են Մարտին Մ.-ի տուն:

Նկատելով, որ Ա. Դ,-ն սենյակում չէ, հարցրել են նրա գտնվելու տեղը: Որդիները տարել են կողքի սենյակ եւ ցույց տվել անկողնում գիտակցությունը կորցրած եւ ուժասպառ պառկած Ա. Դ.-ին: Եղբայրը հասկացել է, որ քույրն ինքնասպանություն է ցանկացել կատարել, վրդովվել է ու Մ. Մ.-ի վրա գոռալով, պահանջել է շտապօգնություն կանչել: Վերջինս անտեղյակ լինելով կնոջ ինքնասպանության փորձի մասին, նույնպես վրդովվել է աներորդու անսպասելի մեղադրանքներից եւ հայտարարել, որ իր տուն շտապօգնության մեքենան չպետք է գա ու փորձել է արգելել, որպեսզի վերջինս Ա. Դ.-ին տեղափոխի հիվանդանոց:

Նրանց միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, սակայն Ա.Դ.-ին հաջողվել է հասցնել հիվանդանոց եւ փրկել նրա կյանքը:

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Մ.Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Ավելին` մինչեւ այդ Մ.Մ.-ն խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով ՌԴ Կալինինգրադի մարզի Գվարդիսկի շրջանային դատարանի 28.01.2009թ. դատավճռով նշանակված 4 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիառելու եւ նույնքան ժամկետով փորձաշրջան նշանակելու վերաբերյալ վճռի կատարումը: Հետեւաբար որոշվել է 4 տարի ազատազրկման ժամկետը մասնակիորեն գումարել նշանակված..