Երեկ Մոսկվայում, գաղտնիության պայմաններում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերման խոստում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս փաստը մեր թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին։ Տարօրինակ է, բայց մեր թղթակցի հարցմանը ՀՀՀ գրասենյակի մամուլի բաժնից պատասխանել են, որ առաջին անգամ իրենից են լսում ճաշկերույթի մասին։ Տարօրինակ է նաև, որ ճաշկերույթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնինչ նրա այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել»,–գրում է «Հայկական ժամանակը»։





























