Տավուշի մարզի զորամասերից մեկում 20-ամյա շարքային զինծառայող Ն.Մ.-ն չնչին առիթով վիճաբանության է բռնվել նույն զորամասի ժամկետային զինծառայող` Ռ. Ա.-ի հետ, ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ կծել նրա ձախ ականջը: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 20-ամյա  Ն. Մ.-ն, նանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ  N զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 3-րդ հաշվարկի օպերատոր, կոչումով շարքային, 2012թ. սեպտեմբերի 8-ին ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 եւ 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` չնչին առիթով վիճաբանության է բռնվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռ. Ա.-ի հետ, քաշքշել եւ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կծել նրա ձախ ականջը` պատճառելով վերջինիս առողջությանը կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս:

18-ամյա  Ռ. Ա.-ն իր հերթին քաշքշել եւ բռնություն է գործադրել Ն.Մ.-ի նկատմամբ` ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359  հոդվածի  1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:

Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 7-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: