Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հայ ուսանողներին։
«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողությունը միշտ եղել եւ մնում է հասարակական-քաղաքական փոփոխությունների անմիջական մասնակիցն ու հիմնական շարժիչ ուժը:
Ժամանակակից արագ զարգացող ու փոփոխություններով լի աշխարհում ավելի ու ավելի է կարեւորվում ուսանողության դերը, որն արտահայտվում է ինչպես քաղաքացիական ակտիվ դիքորոշմամբ, այնպես էլ մարտահրավերներին արագ ու համախմբված արձագանքելու ունակությամբ:
Սիրելի ուսանողներ, այսօր դուք ապրում եք ձեր կյանքի ամենավառ, մնայուն հիշողություններով եւ իրադարձություններով հագեցած շրջափուլը: Դրա հետ մեկտեղ ձեր առջեւ ունեք կարեւոր ու պատասխանատու մի առաքելություն՝ ստանալ որակյալ կրթություն, ձեռք բերել բարձրարժեք գիտելիքներ, որոնք ուղեգիր են դառնալու հետագա ամբողջ կյանքի ընթացում ինքնահաստատվելու եւ արժեքներ ստեղծելու համար:
Մենք այսօր բոլորս մեկ նպատակ ունենք՝ կառուցելու, զարգացնելու ու հզորացնելու մեր երկիրը, եւ համոզված եմ, որ կրթված, նախաձեռնող, համարձակ ու գործուն ուսանողությունը հենց այն ներուժն է, այն կարող ուժը, որ ամրապնդելու է ապագայի հիմքերը:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն ուսանողական կառույցներին եւ անձամբ ուսանողներին, որոնք իրենց նախաձեռնություններով մասնակից են եղել մայրաքաղաքում իրականացվող ամենատարբեր ծրագրերին եւ վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ կանգնած է մեր ուսանողության կողքին եւ մշտապես աջակից է լինելու բոլոր կառուցողական ձեռնարկումներում:
Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ՝ մաղթում ուժ, եռանդ, համախմբվածություն, ազգային արժեքների պահպանում եւ բոլոր նվիրական երազանքների իրականացում»,- ասվում է ուղերձում:
Շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում, այսօր` նոյեմբերի 17-ին, նշում են Ուսանողների միջազգային օրը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011թ Հայաստանում եղել է 95 հազար ուսանող, որից 50.5 հազարը` աղջիկ: Ընդ որում` նրանցից 62, 6 հազարը սովորում են ցերեկայինում, մնացածը՝ հեռակա:
Նշենք, որ ամեն ինչ սկսվեց տխուր մի իրադարձությունից, երբ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստների օկուպացրած Չեխոսլովակիայում ձերբակալվեցին եւ համակենտրոնացման ճամբարներ ուղարկվեցին ավելի քան 1200 ուսանողներ, շատերին էլ գնդակահարեցին: Երկու տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ին կայացավ ուսանողների միջազգային հանդիպում` ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության, որն էլ հիմք դրեց Ուսանողների միջազգային օրվան:





























